Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ հունիսի 20-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Աջափնյակի 6/18 ընտրատեղամասում։

Ժամը 20:00-ից ընտրատեղամասի դռները փակվեցին, սկսվեց քվեաթերթիկների հաշվարկը, սակայն ժամը 22:25-ի սահմաններում «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորության թեկնածու Սուրեն Սահակյանն ու կուսակցության վստահված անձը եկան տեղամաս և ցանկացան մտնել ներս։ Ոստիկաններն ու հանձնաժողովի նախագահը թույլ չտվեցին, ինչը վերաճեց ծեծկռտուքի:

Ծեծկռտուքի հետևանքով վնասվել էր ընտրատեղամասում գտնվող ՀԱԿ վստահված անձ Լուսինե Աքուլյանի գլուխը: Նա մեզ հետ զրույցում ասել էր, որ ՔՈ կուսակցության ԳՄ անդամ Սուրեն Սահակյանն աթոռով խփել է իր գլխին:

Նշենք, որ ծեծկռտուքից հետո բոլոր մասնակիցներին տարան ոստիկանություն:

Պատգամավորի թեկնածու Սուրեն Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանության բաժնում մնացել է մինչև ժամը 05:00-ն:

«Ինձ ներս չթողնելն ակնհայտ ապօրինություն էր, ընդ որում՝ օրենքի չիմացությունը թե՛ ոստիկանների, թե՛ հանձնաժողովի նախագահի, թե՛ այդտեղ ներկա վստահված անձանց  կողմից ակնհայտ էր: Ամենաակտիվը խոչընդոտում էին «Պատիվ ունեմ» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ներկայացուցիչ կրիմինալ տարրերը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի վստահված անձին, ապա այնտեղ քաշքշոց է սկսվել և նշված վստահված անձանց կողմից ագրեսիվ պահվածքի, քաշքշոցի ընթացքում իմ շրջակայքում, տեսողական դաշտում որևէ կին չի եղել: Մի դիտորդ է եղել, որը 4-5 մետր հեռավորության վրա նկարել է այդ ամենը: Պրակտիկորեն բացառում եմ, որ որևէ կնոջ վնաս եմ հասցրել: Ուրիշ կին իմ տեսադաշտում չի եղել, և ես վստահ չեմ, որ քաշքշոցի պատճառով է այդ կնոջը վնասվածք հասցվել: Ամեն դեպքում, եթե իմ որևէ գործողությունից ինչ-որ մեկը տուժել է, ես պատրաստ եմ ներողություն խնդրել: Աթոռն էլ իմ վրա է եկել, ոչ թե իր: Դրանք բավականին ծանր աթոռներ են ու ազատ անկման  մեջ իրենք ավելի են ծանրանում: Եթե այդ աթոռն իր գլխին կպած լիներ, ապա իր գլուխը պետք է որ բավականին լուրջ վնասված լիներ, սակայն այդպես չի եղել»,- մանրամասնեց Սուրեն Սահակյանը:

Նրա փոխանցմամբ՝ ծեծկռտուքի մասնակիցները բացատրություն են տվել ոստիկանությունում, և վերջ:

Հարցին՝ իրեն ներս չթողնելն ինչի՞ հետ է կապում. իրավունքներն ու օրենքները չիմանալո՞ւ, թե՞ դիտավորություն է տեսնում, Սուրեն Սահակյանը պատասխանեց.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը, որը, հետագայում պարզվեց, նաև ընտրությունների ամբողջ օրը տարբեր առիթներով, դրվագներով կոնֆլիկտներ է հրահրել, որոնց վերաբերյալ մամուլում տեղեկություններ կան, օգտվել է ՔՊ-ի կողմից առաջադրված հանձնաժողովի նախագահի օրենքների չիմացությունից, կամային թուլությունից: Ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որ ՔՊ կուսակցության վստահված անձը, կրիմինալ տարրը որոշում էր՝ ով ինչ անի, ոնց անի, երբ անի և ինչու: Երբ մոտեցա, ասացի, որ պատգամավորի թեկնածու եմ, ուզում եմ ներկա լինել հաշվարկին, ասաց՝ Նիկոլի՞ց ես, ասի՝ չէ, թե բա՝ դե ուրեմն գնացեք, դուք մեզ պետք չեք»:

Սուրեն Սահակյանը նշեց, որ նախքան այդ տեղամաս գալը՝ եղել է այլ՝ 6/19 ընտրատեղամասում, և առանց որևէ խոչընդոտի մասնակցել է հաշվարկի գործընթացին:

Քաղաքացու որոշում կուսակցության պատգամավորի թեկնածուն խուսափեց պատասխանել, թե ինչպես է գնահատում ընտրության արդյունքները: «Չեմ մեկնաբանի, մինչև չլինի կուսակցության հայտարարությունը»,- ասաց նա: