Ընտրության արդյունքներն անսպասելի էին, բայց ունենք այն, ինչ ունենք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքերով՝ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Սյունիքի կամ Գեղարքունիքի բնակիչները գնում և քվեարկում են հողատուի օգտին, երբ Նիկոլի գործունեության արդյունքում թշնամին մտել է իրենց տուն, հողամաս։
«Այս ամենն անբացատրելի է»,-ասաց Ի. Սաղաթելյանը:

Գործչի կարծիքով՝ քարոզարշավի ժամանակահատվածը բավարար չէր, որպեսզի հանրությանը հասցնեին իրենց հիմնական ասելիքները և խնդիրները, դրան ավելացել է նաև համատարած վարչական ռեսուրսի կիրառումը.

«Մենք խոսել ենք անվտանգությունից, պետականությունից, արժեքներից, կենսական նշանակություն ունեցող հարցերից: Բավարար ժամանակ չի եղել, չենք կարողացել այս ամենը մարդկանց հասցնել, սրան ավելացել է նաև վարչական ռեսուրսը և համատարած խախտումները, արդյունքում ունենք այն, ինչ ունենք, բայց հիասթափվել չկա, պայքարը շարունակվում է: Պետք է պայքարենք նաև մեր այն քաղաքացիների համար, ովքեր վտանգն ամբողջությամբ չգիտակցեցին և չհասկացան պահի լրջությունը»,-ասաց Սաղաթելյանը և ավելացրեց. «Շատ գործ ունենք անելու, այն ինչ ասել ենք, ուժի մեջ է՝ պետականությունը պետք է վերադարձվի ժողովրդին»:

Ի.Սաղաթելյանը փաստեց, որ ընտրության արդյունքները կասկածի տակ են դնում, և բավարար հիմնավորումներով կդիմեն ՍԴ, քանի որ եղել են համատարած խախտումներ, ճնշումներ: