«Հայաստան» դաշինքի հանրահավաքին 100-ավոր ավտոբուսների մասին խոսակցությունները հաստատ սուտ են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը` մեկնաբանելով այն լուրերը, թե 100-ավոր ավտոբուսներ են Ստեփանակերտից եկել Երեւան մասնակցելու հանրահավաքին::

«Այն, որ ասում են ավտոբուսում Արցախի քաղաքացիներ էին, ովքեր գալիս էին ցույցի, դրանք քաղաքական խոսակցություններ են: Ստեփանակերտ-Երևան տրանսպորտը գործում է անխափան, ամեն օր: 100-ավոր ավտոբուսների մասին խոսակցությունները հաստատ սուտ են: Կանոնավոր երթուղիներն են մենակ աշխատել, իսկ հատուկ գան ավտոբուսներով, տանեն, սուտ է: Երեկ նայել ենք, արցախցիներ չկային, մեկ հոգու եմ տեսել հարցազրույց տալիս, այն էլ Գորիսի բարբառով էր խոսում, բայց ասաց Արցախից է: Վստահեցնում եմ Ձեզ, որ նման բան չկա: Օրվա մեջ տարբեր ժամերի իրականացվում են կանոնավոր ուղևորափոխադրումները»,- ասաց նա:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ  հարյուրավոր ավտոբուսներ են եկել Ստեփանակերտից «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելու համար, որոնցից մեկն էլ վթարի է ենթարկվել:

Իրանագետ Վարդան Բալյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել Երեւանից դեպի Արցախ ճանապարհին եւ ուղեւորները կապ չունեն հանրահավաքի հետ:

«Մի քանի տեղ, այդ թվում` Հովսեփ Խուրշուդյանի գրառման մեջ հանդիպեցի տեղեկատվության, թե Արցախից Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի հանրահավաքին մեկնող միկրոավտոբուս է վթարվել, և ուղևորներից մեկի վիճակը ծանր է։ Այո, իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, հաստատում եմ, որ վիճակը իրապես ծանր է, բայց իմ բարեկամները վթարվել են Երևանից Արցախ մեկնելու ժամանակ Քոչարյանի հանրահավաքի մեկնարկից ժամեր շուտ Սիսիանի շրջանի Սառնակունք բնակավայրի մոտակայքում։

Խնդրում եմ, Ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ և զերծ մնացեք շահարկումներից»,- գրել է նա։