Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության մրցումային 3-րդ օրը կաշվե ձեռնոցի հայ վարպետները տարան հերթական հաղթանակները:

Առավոտյան մրցահերթում 60 կգ քաշային ժորժիկ Մարությանը գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ջալալ Գառբանովի նկատմամբ: Առաջին երկու ռաունդներում մեր բռնցքամարտիկը հսկայական առավելություն ուներ: Նրա հարվածաշարերից մեկի ժամանակ մրցակիցը ունքի պատռվածք ստացավ և ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այնուհետև բժիշկները թույլ չտվեցին շարունակել մենամարտը, և մեր բռնցքամարտիկին շնորհվեց տեխնիկական նոկաուտով հաղթանակ:

Վստահ հաղթանակ տոնեց նաև Արմեն Մաշակարյանը, որը պարտության մատնեց մոլդովացի Նիկոլա Բուկսային և մտավ քառորդ եզրափակիչ:

Երեկոյան մրցահերթում ասպարեզ դուրս կգան 52 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գաբոյանը կմենամարտի ուկրաինացի Մաքսիմ Հալինկևի հետ, իսկ Հակոբյանի մրցակիցը կլինի լեհ Պետեր Բարտոզան: