Պահանջում ենք քննչական մարմնից եւ դատախազությունից՝ անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի  ձերբակալումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Քիչ առաջ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց և հաստատեց զավեշտի հասնող տեղեկությունը, թե իբր Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը խոչընդոտել է հեռացող իշխանության հավաքին մասնակցել ցանկացողին: Նախ, կապ ենք հաստատել Գորիսի մեր գործընկերների հետ և պարզել ենք, որ համատարած իրավապահների ճնշումներ, ինչ որ ցուցմունքներ կորզելու օպերացիաներ են իրականացվում:

Հերթական անգամ իրավապահները որպես գործիք են օգտագործվում «Հայաստան» դաշինքի դեմ, ինչը  կրկին արդյունք չի տալիս:

Իրավական աբսուրդը նրանում է, որ հենց երեկ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվեցին բազմաթիվ դեպքեր, նույնիսկ փաստեր հունիսի 17-ի հանրահավաքին մարդկանց հարկադրանքի միջոցով մասնակից դարձնելու, աշխատանքից ազատելու, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, ընդհուպ մինչև հոգեբուժական հաստատություններից:

Քննչական կոմիտեն որևէ հայտարարությամբ այդ դեպքերով հանդես չի եկել:

Նման վարքագծի արդյունքում պնդում ենք, որ այս ամենը քաղաքական հետապնդում է՝  պայմանավորված ընդդիմադիր հայացքներով, և պահանջում ենք քննչական մարմնից և դատախազությունից՝ անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի  ձերբակալումը:

Պահանջում ենք ընդհանրապես դադարեցնել նման ապօրինի ճնշումները»: