«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի  ասուլիսին հայտարարեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցումների արդյունքները, թե քաղաքացիները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին են քվեարկելու։

Հարցին՝ մասնակցելու՞ են արտահերթ ընտրություններին, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նվազել է։

Նավասարդյանը նման հայտարարեց․ «Վերջին 11 տարվա ընթացքում մեր կազմակերպությունն ու անձամբ ես այսքան ճնշումների փորձեր չէի զգացել, մասնավորապես, նաև իշխանական թևից»։