«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի օրից Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նախընտրական շրջանում գեներացված ատելությունը, հասարակությանը տարբեր ճամբարների բաժանելը հետընտրական գործընթացներում կարող է վերածվել լրջագույն մարտահրավերի, իսկ այդ մարտահրավերն էլ` քաղաքացիական պատերազմի։ Այդ իսկ պատճառով` ընտրությունների մասնակից ուժերը, անկախ նրանից, թե ում ժողովուրդը կտա իր վստահության քվեն, պարտավոր են ընդունել ՀՀ քաղաքացիների կամարտահայտման այդ դրսևորումը և սեղմել հաղթող կողմի ձեռքը` խուսափելու իրավիճակի հետագա լարումից։ Հավաստիացնում եմ` ես և մեր թիմը, այս գաղափարը կիսող բազմաթիվ քաղաքացիներ պատրաստ ենք կանգնել ժողովրդի մեծամասնության ընտրության կողքին և թույլ չենք տալու քաղաքացիական բախումներ և պատերազմ։

Անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում տիրի համերաշխության մթնոլորտը՝ անկախ, թե ով կհաղթի։ Դա ես ասում եմ` որպես մարդ, ով որոշում կայացրեց չմասնակցել այս ընտրություններին և չքաղաքականացնել իր թիմը` միևնույն ժամանակ վստահ լինելով, որ արտահայտում եմ տվյալ գաղափարը կիսող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների դիրքորոշումը։
Մենք ժողովրդի հետ միասին տեր ենք կանգնելու հաղթանակին, թույլ չենք տալու բախումներ, և փորձելու ենք Հայաստանի պատմության մեջ նոր մաքուր էջ բացել և երկիրը տանել դեպի զարգացում»: