Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն այլևս անկուսակցական քաղաքական գործիչ չէ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Արզաքանցյանը հայտնեց, որ անդամակցել է կուսակցությանը, ավելին՝ այդ քաղաքական ուժի ղեկավար կազմի ներկայացուցիչ է դարձել։

Գործարարի խոսքով՝ իրեն պատգամավորական մանդատ ստանալու հնարավորությունից զրկված ԿԸՀ-ի որոշումից հետո հայտնվելով բարդ իրավիճակում, պետք էր չհիասթափեցնել իր կողմնակիցներին և ցույց տալ, որ անելանելի իրավիճակներ չեն լինում:

«Անկախ նրանից՝ ես խորհրդարանում առաջադրվելու իրավունք կստանամ, թե ոչ, ես, միևնույն է, շարունակում եմ հավակնել կառավարության ղեկավարի պաշտոնին։ Գործադիր իշխանությունը ղեկավարելու համար պարտադիր չէ պատգամավոր լինել կուսակցությունից կամ դաշինքից։ Նախընտրական ցուցակի առաջին համարը քաղաքական ուժի առաջնորդն ու խորհրդանիշն է։ Մեր կանխատեսումների համաձայն՝ մենք առաջին քառյակում հայտնվելու շանս ունենք, ուստի կոալիցիոն կառավարության դեպքում ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից կառաջարկվի իմ թեկնածությունը»,-նշեց Արզանքանցյանը։

Անցած շաբաթ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Նա չկարողացավ ապացուցել, որ վերջին չորս տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացումից առաջ 1461 օրից 1005-ը։

Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի առաջնորդն այդ փաստարկները ոչ օբյեկտիվ է համարել և հայց է ներկայացրել դատարան։ Նրա խոսքով՝ ինքը ԿԸՀ ներկայացրել է ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության կողմից հաստատված փաստաթղթերը։ Եթե ԿԸՀ-ի մոտ կասկածներ էին ծագել, ապա այդ հարցը պետք է դատարան ուղարկվեր հենց հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Բայց ԿԸՀ-ն գրանցումը մերժելու որոշում է կայացրել, որն Արզանքանցյանը բողոքարկում է դատարանում։ Վերջնական վճիռ կհրապարակվի այսօր` հունիսի 18-ին։

«Ես մեծ հույս ունեմ, որ մարդասեր հայկական դատարանն արդար վճիռ կկայացնի»,-ասում է Արզանքանցյանը։

Եթե որոշումը նրա օգտին կայացվի, ապա Դեմոկրատական կուսակցության կողմից նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում Արզանքանցյանը ԱԺ պատգամավորի կարգավիճակ կստանա։ Իսկ եթե դատարանը ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ թողնի, ապա կուսակցությունը, եթե անցնի խորհրդարան և մասնակցի կոալիցիոն կառավարության ձևավորմանը, կարող էր իր թեկնածությունն առաջադրել նաև ընտրական ցուցակից դուրս։