ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը պատրաստվում է դատարան դիմել՝ լրատվամիջոցներով իր պատիվը, արժանապատվությունը, բարի համբավն արտավորող հրապարակումների համար:

Տեղեկությունը, թե շորթման եղանակով ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խոշոր չափի գումար է պահանջել իրենից՝ սպառնալով, թե  չտալու դեպքում գեներալի վերաբերյալ արատավորող տեղեկություններ է հրապարակելու , այսպես ասած, կռիվ է գցել գեներալի տանը:

«Պատերազմ է հիմա մեր տանը, կինս  ասում է՝ կարո՞ղ է կողքից կին ես պահել, երեխեքս ասում են՝ պապ, կարող է կողքից բաներ կան, որ մեզ չես ասում, էս ինչ պատմություն է:  Ընտանիքներում պատերազմ եք սարքում, մարդկանց ինֆարկտի եք հասցնում, կարե՞լի է նման բան: Ես այսօր եմ տեղեկացել, որ իմ մասին  նման տեղեկություն են գրել, թե իբր ես եմ այն մարդը, որ գնացել, դիմել եմ ԱԱԾ: Հերքում եմ տարածում, որ ես չեմ նման մարդը, Հունանյան Հովհաննեսը ոչ նման թշանմի ունի, որ կարողանա շանտաժի ենթարկի, ոչ էլ էդ մակարդակի մարդ է, որ գնա ԱԱԾ, բողոքի: Եթե նման խնդիր լիներ, ես իմ խնդիրները կլուծեի: Ես չեմ այդ գեներալը, սուտ տեղեկատվություն է, ապատեղեկատվություն է, առանց ստուգելու, նման տեղեկություն  են տարածում. գեներալ- լեյտենանտ Հունանյանը պատի ծակի մարդ չէ, մի հատ զանգեք, ճշտեք  էլի, առավոտից  հեռախոսս արդեն պայթում է, ինչքան մարդ կա Մոսկվայից, Ամերիկայից Գերմանիայից զանգում են, թե պարոն գեներալ, էս ի՞նչ պատմություն է, չեմ կարողանում բացատրել, թե ինչ պատմություն է: Սա հանցագործություն է. բա կարե՞լիէ  մարդուն այսպես վարկաբեկել: Սա հանցագործություն է, դիմելու եմ դատարան ու պատիվ եմ պահանջելու»,- Irakanum.am-ին ասաց գեներալ-լեյտենանտը:

Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների ՝ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալներից մեկի, կոչումով ոստիկանության գեներալ-լեյտենանտի դիմումի փաստով։ Նախկին փոխոստիկանապետը  դիմել է ԱԱԾ և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջին անձնական նամակներ է ուղարկել և իրենից պահանջել 2 օրվա ընթացքում իրեն փոխանցել խոշոր չափի գումար, հակառակ դեպքում սպառնացել է իր վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել։

 Irakanum.am