SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության դիմել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 44-ամյա Վահագն Ն-ն է։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09։45-ի սահմաններում Վահագն Ն-ն Դավիթաշեն թաղամասի 3-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում վիճաբանել է Երևանի քաղաքապետարանի 3 աշխատակիցների հետ, որի ժամանակ, ըստ Վահագն Ն-ի հայտարարության, նրանք մետաղյա ձողով. ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վահագն Ն-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Ֆելիքս Գ-ն, 30-ամյա Էդգար Մ-ն և 23-ամյա Առնակ Պ-ն։ Նշված անձանց էլ նկատի է ունեցել Վահագն Ն-ն, որ ծեծի են ենթարկել իրեն։ Գ. Շամշյանի տեղեյություններով՝ Ֆելիքս Գ-ն աշխատում է Երևանի քաղաքապետաանի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում՝ որպես հսկիչ-քարտեզագետ, Էդգար Մ-ն՝ նույն կենտրոնում՝ վարորդ, կենդանի որսացող, իսկ Առնակ Պ-ն՝ նույն կենտրոնում՝ կենդանի որսացող։  Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/06/17/1189447/