Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Արևմուտքը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունն անկանխատեսելի է, դա դեռ չի նշանակում, որ դա այդպես է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ի վերջո, եթե Արևմուտքն այդ կարծիքին է, դա բոլորովին չի նշանակում, որ այդպես է: Նախ պատասխանեմ Ձեր հարցի առաջին մասին: Դուք ասացիք, որ Արևմուտքը կարծում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն անկանխատեսելի է: Թույլ տվեք Ձեզ «պատասխան տափօղակ» ուղարկել. 2002-ին ԱՄՆ-ի՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման մասին պայմանագրից դուրս գալը բացարձակապես անկանխատեսելի քայլ էր: Ինչո՞ւ է դա արվել՝ ռազմավարական անվտանգության ոլորտում խարխլելով միջազգային կայունության հիմքերը»,- շեշտել է Պուտինը՝ պատասխանելով Ժնևի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը հրաժարվել իր «անկանխատեսելի» քաղաքականությունից՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու համար:

Բացի այդ, ՌԴ նախագահը հիշեցրել է 2019 թվականին ԱՄՆ-ի՝ «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» պայմանագրից անսպասելի և ապակայունացնող դուրս գալը, ինչպես նաև «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալը:

«Գրեթե ոչինչ չի մնացել: Փառք Աստծո, նախագահ Բայդենը կայացրել է բացարձակ ադեկվատ որոշում՝ հինգ տարի երկարացնելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը»,- հավելել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունն արտաքին քաղաքականության շրջանակում ադեկվատ կերպով է արձագանքում առաջացող սպառնալիքներին, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ ԱՄՆ-ն պետք է համաձայնության գան միջազգային գործերում վարքականոնների վերաբերյալ:

«Կարծում եք՝ մեզ անկանխատեսելի՞ ենք պահում: Ո՛չ, ես այդպես չեմ կարծում: Իմ կարծիքով՝ մենք բացարձակապես ադեկվատ ենք արձագանքում առաջացող սպառնալիքներին, և ես կարծում եմ, որ իրավիճակի՝ իսկապես կայուն լինելու համար մենք պետք է համաձայնության գանք այդ բոլոր ոլորտներում վարվելակերպի կանոնների շուրջ»,- հստակեցրել է Պուտինն ու հավելել՝ այդ հարցերի թվում են ռազմավարական կայունությունը, կիբերանվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող հարցերի լուծումը:

«Կարծում եմ, որ այս ամենի շուրջ կարելի է համաձայնության գալ, ամեն դեպքում, ես այսօր նման տպավորություն եմ ստացել նախագահ Բայդենի հետ մեր հանդիպման արդյունքներից»,- ամփոփել է ՌԴ առաջնորդը: