ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ ֆիքսել է համացանցում արձակագիր Վիոլետ Գրիգորյանի հայտնած տեղեկությունը, թե Աբովյանում իր ծանոթներից մեկին Նիկոլ Փաշինյանի շտաբի աշխատակիցն առաջարկել է 50.000 դրամ ընտրակաշառք:

«Արդեն իսկ դրա կապակցությամբ տրվել է համապատասխան ստուգողական գործողություններ իրականացնելու եւ դրա ընթացքը լուծելու հանձնարարություն: Այս պահին դա ընթացքի մեջ է, նկատի ունենալով, որ երեկ ենք նկատել, տեսել, անմիջապես արձանագրել ենք ու հանձնարարությունը տրվել է, բնականաբար, այսքան կարճ ժամանակում չէր կարող արդյունք լինել»,- Irakanum.am-ին ասաց գլխավոր դատախազի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը: Վիոլետ Գրիգորյանը երեկ նաեւ հայտնել էր, որ իր ծանոթից կհարցնի՝ արդյոք վերջինս թեկուզ անանուն կդիմի՞ ոստիկանություն կամ փաստական հանգամանք կհրապարակի՞:

Մենք տիկին Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր ծանոթին արդեն դիմել է ու ինչ պատասխան է ստացել: «Չհաջողվեց հետը խոսել, որովհետեւ հիվանդ պառկած եմ, հեռախոսով էլ չեմ ուզում խոսել, չեմ կարող հիմա Աբովյան գնալ, թող զբաղվեն իրավապահները, ինչ լսել եմ, ինչ ասել են մարդիկ, դա եմ գրել, գործիքներն իրենց ձեռքին է, ես ինչ անեմ, թող գնան, պարզեն: Իմ ծանոթն ասել էր, որ կարող է ձայնագրել, դրանից հետո էլ չեմ խոսել հետը, չեմ ուզում վախեցնել, պարզ, գյուղացի մարդիկ են: Ընտրություններից հետո ես իրենց հետ կշփվեմ, կհետաքրքրվեմ մանրամասն, ինձ հետաքրքիր է»,- ասաց Վիոլետ Գրիգորյանը:

Irakanum.am