Արձակուրդում գտնվող Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հերքում է  մամուլի տեղեկությունները, թե մարզպետարանում մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ հրատապ հավաք էր հրավիրել:

«Քաղաքական առումով քաջատեղյակ եք՝ մոտենում ենք արտահերթ ընտրությունների օրվան, շատ հարցերով զբաղված ենք, ես ինքս զբաղված եմ քարոզչությամբ, մամուլի այդ հրապարակումները մեկնաբանելու ցանկություն չունեմ, որովհետեւ այդ հրապարակումները հատկապես իմ անձի հետ կապված, չեմ հիշում, որ երբեւէ ունենան երկու տոկոս ճշգրտություն»,- Irakanum.am-ին ասաց մարզպետը:

Անդրադառնալով մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սոնա Բուդաղյանի կողմից աշխատանքները կոորդինացնելու, Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին աշխատանքային ժամին մասնակցելու ու մարդահաշվարկ, ներկա-բացակա կատարելու մասին տեղեկություններին՝ մարզպետը կտրականապես հերքեց. «Այ էդ մի բանը 100.000 տոկոսով սուտ տեղեկություն  է, որովհետեւ տիկին Բուդաղյանը առավոտից երեկո գտնվում է մարզպետարանում, մարզպետարանն աշխատում է գերծանրաբեռնված: Ունենալ  ժամանակ գնալ գյուղեգյուղ, դրա մասին ես առնվազն տեղեկացված կլինեի»:

Մեր դիտարկմանը, թե մամուլում լուսանկարներ կան հրապարակված, թե ինչպես է  աշխատանքային ժամին տիկին Բուդաղյանը հավաքներին  մասնակցում, Համբարձում Մաթեւոսյանը պատասխանեց.  «Տիկին Բուդաղյանը բնակվում է Էջմիածին քաղաքում, տիկին Բուդաղյանն ունի հանձնարարություն եւ աշխատանք կրթության նախարարության հետ համատեղ, որ մարզի այն բոլոր դպրոցներում, որտեղ շինարարություն է իրականացվում , վերանորոգումներ, տարեվերջյան տարբեր ժողովներ ու քննարկումներ, մասնակցում է այդ ամեն ինչին: Իր ՝ Էջմիածնում գտնվելուց ավելի բնական բան չէր կարող լինել: Ես բացառում եմ աշխատանքային ժամերին հավաքներին մասնակցելը, իհարկե, բացառում եմ, որովհետեւ վերջին երեք տարիներին անձամբ մասնակցել եմ եւս երկու ընտրությունների, ՏԻՄ տարբեր ընտրությունների ու մարզպետարանների բոլոր աշխատակիցներն աշխատել են օրենքի սահմաններում եւ չի կիրառվել կամ կիրառվում վարչական ռեսուրսներ: Մարզպետարանում ունենք ընդդիմադիր ուժերի կողմից թեկնածուներ նույնպես , դա ինչ-որ բանի մասին խոսում է, չէ՞: Թեկնածուներ, որոնք շարունակում են աշխատել, գտնվում են այս պահին արձակուրդում, իրենք իրենց աշխատանքն են անում, մենք ՝մերը»:

Irakanum.am