Ի՞նչ է փոխվել վարդենիսցու կյանքում հեղափոխությունից հետո՝ վերջին 3 տարիների ընթացքում:
Վստահ կարելի է ասել՝ ոչինչ:
— Ոչ մի նոր աշխատատեղ՝ գլոբալ ծրագիր Կառավարությունը չի իրականացրել:
— Գյուղվարկերը ստացել են հատուկենտ մարդիկ, ու հիմա չեն էլ կարողանում մարել: Գյուղացիները սուբսիդավորման որևէ ծրագրից էլ չեն օգտվում:
— Երիտասարդները, ինչպես որ զբաղմունք չունեին, հիմա էլ նույն վիճակում են:
— Պայմանագրային զինծառայողները զանգվածային դիմումներ են գրում, դուրս գալիս բանակից:
— Ասֆալտապատ ճանապարհով Երևանից գալիս ենք, Մարտունուց այս կողմ ասֆալտը վերջանում է, և վարդենիսցին չի զգում խոշոր ասֆալտապատման ծրագրի պտուղները:
— Իհարկե, Վարդենիս քաղաքում մի քանի եզրաքարեր են դրել, ու Վարդենիսի համայնքապետարանին պարտքերի տակ գցելով՝ սուբվենցիոն ծրագրերով որոշ աշխատանքներ են իրականացվել: Եվ այսօր համայնքը դեռ պետք է այդ պարտքերը մարի, պարտքի տակ ընկած հիմնարկ է (ահագին օգնեց Գեոպրոմայնինգ գոլդ ընկերությունը):
— Մարզում հրատապ ասֆալտապատման կարիք ունեցող՝ Ծովակ-Ախպրաձոր-Մաքենիս ավտոճանապարհի ասֆալտապատման խնդրի լուծման համար, ինչպես հիշում եք, հրապարակային ինչ «կռիվներ» արեցի Ազգային ժողովի ամբիոնից, մինչև խնդիրը մտավ կարգավորման դաշտ:
Իսկ մեծ հաշվով բացի ստից ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը միայն իմիտացիա է ստեղծել, որ կանգնած է ժողովրդին կողքին, բայց իրականում մեր քաղաքացիները միայնակ են:
— Նիկոլ Փաշինյանի իշխանության արդյունքում՝
— թշնամուն բերել հասցրել են Վարդենիսից 2-3 կմ հեռավորության վրա, զրկել են մեզ մեր անվտանգությունից,
— թուրքերը տարել են հային պատկանող անասունները, և որևէ մեկը չի խոսում այդ մասին:
— Սոթքում հողմակներ էինք դրել, կադաստրի վկայականները մարդկանց ձեռքին են, բայց դրանք հիմա ադրբեջանցիների վերահսկողության տակ են:
Հիմա հարց՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին, որ շարունակվի՞ այս ամենը:
Սիրելի՛ ժողովուրդ, պետք է ցույց տանք, որ մենք թասիբով ժողովուրդ ենք, և մենք Ո՛Չ ենք ասելու այսօրվա կործանարար իշխանությանը.
— Քաջատեղյակ լինելով սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրներին՝ նախագիծ էինք ներկայացրել, որ այն մարդիկ, ովքեր սահմանամերձ հատվածում հողատարածք են ցանում, պետությունը պիտի 100 տոկոսով դրա իրացումն ապահովի, որ մարդիկ չգնան գնորդ ճարեն, արհեստական գնանկում լինի, տուժեն: Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ասեց, որ հակամրցակցային բան եք անում: Այսինքն սահմանամերձ Վարդենիսի բնակիչը պիտի մրցակցային հարաբերությունների մե՞ջ լինի Երևանի բնակչի հետ: Մենք պիտի լինենք արտոնյալ, այո, որովհետև մենք սահմանամերձ ենք:
— Կառավարություն էի ներկայացրել համայնքների ցանկ, որոնք պետք է ներառվեին սահմանամերձ համայնքների ցանկում, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունից որևէ ձայն չկա. մի նախարարը գնացել է, տեղը փոխարինող չկա…
Մի խոսքով, մեր երկրում հարց չի լուծվում: Մենք պիտի ընտրենք իշխանության, որը կկարողանա մեր անվտանգությունն ապահովել, շարքային քաղաքացու խնդիրը լուծել, և ոչ թե լուծման տպավորություն ստեղծելով զբաղվել:
Եվ ուրեմն հունիսի 20-ին վերցնում ենք 6-րդ քվեաթերթիկը և ընտրում «Պատիվ ունեմ» դաշինքին: