Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասին` շեշտելով, որ Անկարան կողմ է այս տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, Հայաստանի վերաբերյալ ԱԳ նախարարն ասել է, որ «տարիներ շարունակ տարածաշրջանային համագործակցությունից մեկուսացած երկիրը պետք է դասեր քաղի տարածաշրջանում գործընթացներից, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում խաղաղություն ապահովել»:

«Երկար տարիներ Հայաստանը լարում էր հարաբերությունները հարևան երկրների հետ, մեկուսանում համագործակցությունից: Եվ այս ամենը` սեփական սխալների պատճառով», — ասել է թուրք նախարարը` շեշտելով, որ «համագործակցությունից Հարավային Կովկասում ամենաշատ օգուտը կստանան Հայաստանն ու հայ ժողովուրդը»:

Չավուշօղլուն ասել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը կքննարկվի նաև Անթալիայում կայանալիք Դիվանագիտական համաժողովում, որը նախատեսվում է բացել հունիսի 18-ին: Նրա խոսքով` Հայաստանից ներկայացուցիչներ նույնպես հրավիրվել են Անթալիայի համաժողովին: