Հայաստանի Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության հետ կապված խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով միջազգային  գործընկերների ներգրավմամբ: Այս մասին Ճամբարակում բնակիչների հետ հանդիպմանը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անվտանգային խնդիրներին:

«Այս օրերին մենք շատ ակտիվ համագործակցության, քննարկումների մեջ ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, որոնք լայնորեն ներգրավված են: Մենք, ըստ էության, քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ միևնույն ժամանակ ակտիվորեն աշխատում են միջազգային այլ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ աշխատանքից բացի, իրենք Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը տեսնում են բանակի հզորացմամբ՝ անցում կատարելով պրոֆեսիոնալ բանակի: Բանակում բարեփոխումները ենթադրում են մշտական տեղակայման վայրերի վիճակի լավացում, զենք-զինամթերք, աշխատավարձի բարձրացում և այլն: Նիկոլ Փաշինյանի խոսքով, դրա համար պետք է աշխատել, նպաստել քաղաքացու աշխատանքին, տնտեսության զարգացմանը: Նա ընդգծեց՝ բոլոր խնդիրների լուծումն աշխատանքն է, այն արդյունավետ դարձնելու  ուղղությունը կրթությունն է: