Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի հինգերորդ օրը Եղեգնաձորում էր: Նա կարևորեց անվտանգության ապահովումը, նշեց, որ «այսօր վտանգի մեջ ենք», և խոսելու փոխարեն պետք է անվտանգությունն ապահովել: Դրա, անվտանգ երկրում ապրելու համար նա կարևորում է հարաբերությունների ընդլայնումը Ռուսաստանի հետ:

«Ժողովուրդն անհանգստանում է, մտավախություն կա, ասում եմ` մեր առաջնային խնդիրն ազգովի դա պետք է լինի` անվտանգությունն ապահովելը մեր սահմանների, մեր ժողովրդի, իսկ դրա միակ լուծումը Ռուսաստանի հետ, որ մեր զինվորը ռուս զինվորի հետ ուս ուսի տված մեր սահմանը պահի: Միայն այդ դեպքում ապահով կլինի, ժողովուրդը վստահ կլինի», — ասաց նա:

ԲՀԿ 64-ամյա առաջնորդը, որը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուներից ամենահարուստն է, իր ելույթում նաև սոցիալական խնդիրներին անդրադարձավ: Ծառուկյանի խոսքով` ցանկացած խնդրի ինքը ծանոթ է, լուծումներն էլ գիտի, և որ բոլոր խնդիրներն ունեն մեկ լուծում` ներդրումները: ԲՀԿ-ի 93 հոգանոց ցուցակն առաջնորդող Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում խնդիրները շատ են, ու գրեթե բոլոր ոլորտներում` առողջապահությունից մինչև անվտանգություն, սոցիալականից մինչև կրթություն ու գյուղատնտեսություն. «Եթե պատպատվերը 15 տարի նայելով չի արդարացնում, ժողովուրդը դժգոհ է, արդյունքի չի հասնում, նպատակին չի հասնում, ուրեմն գումարը տրամադրեք, հիվանդանոցները թող անվճար լինեն: Ամեն հիվանդանոցին եթե մեկ միլիոն դոլար տրամադրեն, համ բժիշկների աշխատավարձը լավ կլինի` 500-1000 դոլար կլինի, որով ամեն ինչն էլ, կոմունալներն էլ կփակեն, և թող լինի 30, 50 հիվանդանոց»:

Ընդդիմադիր կուսակցության վարչապետի թեկնածուն վստահեցնում է, որ իշխանություն ձևավորելու դեպքում նախընտրական բոլոր ծրագրերը շատ արագ իրականություն կդառնան, անգամ նրանք, որոնք անհավանական են թվում և փորձագետների կողմից պոպուլիստական որակվում:

«Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրով նախատեսվում է մարել քաղաքացիների մինչև 3 միլիոն դրամ վարկերը:

Գագիկ Ծառուկյանն այստեղ երեք անգամ հարցրեց հավաքվածներին` կա՞ մեկը, որ վարկեր չունի, և տարբեր կողմերից բացասական պատասխանեցին. «Այսօր ամենակարևորը ով ուզում է լինի, անհրաժեշտ է, որ այդ խնդիրը կարգավորվի, քանի որ 2 տարի մարդիկ փող չեն վաստակել: Եղել է համաճարակ, արտակարգ իրավիճակ, պատերազմ, աշխատանք չի եղել, մարդկանց թույլ չեն տվել աշխատել: Մարդն այսօր կանգնած է ունեցվածքը կորցնելու ճանապարհին, ճի՞շտ է, թե՞ ոչ: Բա ժողովո՛ւրդ ջան, այսօր հիմնական խնդիրը դա է` էսօր եթե այսպես շարունակվի, ձեր եղածը կորցնելու եք չէ՞»:

Խմբակցության ղեկավարը, ով անցած տարի , ում նկատմամբ քրեական գործ հարուցվեց 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար, ձերբակալվեց և ազատ արձակվեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց, այս ընտրություններին մասնակցում է 30 կետից բաղկացած նախընտրական ծրագրով և «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: