Ըստ Գլխավոր դատախազության՝  «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է Ջանֆիդա գյուղում՝ տեղացիներից մեկի՝ Գ.Պ.-ի տանը 9 միլիոն դրամ ընտրակաշառք փոխանցելու պահին։ Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքի՝ պոլիէթիլենային տոպրակով գումարը, ինչը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։

Ջանֆիդա համայնքի ղեկավարի օգնական Միլիտոսյանը Irakanum.am-ին հայտնեց, որ Գ.Պ-ն իրենց գյուղի Գագոն է.

«Գագոն է, ես չեմ իմանում՝ ինչի մասին է խոսքը, տո չէ ինչ հանրապետական, ով է ասում՝ հանրապետական է: Չգիտեմ՝ Ռուբեն Խլղթայանն ինչ գործ ունի Ջանֆիդա, մենք քաղաքականության մեջ ընդհանրապես չկանք : Երկու սուտկա է՝ մենք հիվանդանոցում ենք, շեֆի վիճակը վատ է, մենք գյուղում չենք եղել, բայց ես մեր համայնքի մասին կարող եմ ասել՝ նման բան չկա, չի էլ կարող լինել: Մեր գյուղի անունը չի կարող լինել, որովհետեւ մի ամբողջ գյուղ է, մենք՝ բոլորս, մեր իշխանությունների կողքին կանգնած ենք, այսքանը, կներեք, շեֆն արդեն զանգում է»:

«Այդ ամբողջը սուտ ու մտացածին է, որեւէ աղերս չունի իրավական գործընթացների հետ, ամբողջը կրում է քաղաքական հետապնդման երանգ», -մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Խլղաթյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը: Մեր հարցին, թե ինչ էր դեպքի օրն իր պաշտպանյալն անում Ջանֆիդա գյուղում, նա պատասխանեց. «Պարոն Խլղաթյանն Արմավիրի մարզից է, ապրում է Արմավիրում, շատ մտերիմներ ունի ու շատերի հետ կարող է հանդիպել, ընտրակաշառքի մասին խոսք լինել չի կարող»:

Մեր հարցին, թե փոխանցված գումարն, ըստ դատախազության, հայտնաբերվել է, 9 միլիոն դրամ ինչու էր հետը տարել Ջանֆիդա, պարտքո՞վ էր տալու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մնացած մեկնաբանությունները հետագայում կներկայացնենք, այս մասով ստիպված եմ սահմանափակվել, մեկ այլ դատական նիստով հիմա  մտնում եմ դատարանի դահլիճ»:

Irakanum.am