Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած հայտնի տեսանյութում սխալ է ներկայացնում՝ ասելով, որ ոչ ադեկվատ է ներկայացել բանակցություններին։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց՝ Փաշինյանն իրականում է ոչ ադեկվատ, որպես պետության ղեկավար, անգրագետ է և անում է այն, ինչը որ կա։

«Նրա ելույթներից մենք արդեն տեսնում ենք, որ նա ո՛չ ադեկվատ է, ո՛չ պետականության զգացողություն ունի, ո՛չ իրավական կրթություն ունի․․․ ամբողջողվին անօրինական խոսքեր․․․։ Նույն պահվածքը եղել է նաև միջազգային հարաբերություններում։ Հանրահավաքներում այսօր տեսնում ենք նրա ելույթները։ Դա ինքն է․ Նիկոլ Փաշինյանը պարզապես չափազանցնում է, երբ ասում է, որ բանակցություններում դեր է խաղացել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր խոստմանը հավատարիմ, հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ձայնագրություն, որտեղ վերջինս ներկայացնում էր Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հետ առաջին հանդիպումը, որտեղ նրան առաջարկվել էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այսպես կոչված «Լավրովյան պլանը»։ Ձայնագրության մեջ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է եղել անադեկվատ, գիժ ձևանալ՝ տապալելու համար բանակցությունները։

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ միջազգային գործընկերների շրջանում այս ձայնագրությունը որևէ ազդեցություն չի ունենա, քանի որ այսպես թե այնպես, այսօր Հայաստանը միջազգային սուբյեկտ չի ընկալվում։

«Մեր սուվերենության աստիճանը շատ ցածր է։ Պատկերացրեք, որ մի տարածք եք, որի սամանները չեք կարողանում պահել, ուրիշ երկրի դրոշներ եք դնում, իրենց զինված ուժերին եք հրավիրում, հարևան թշնամի երկրի հետ բանակցություններն ընթանում են ռուս գեներալի միջոցով, նշանակում է, որ մենք միջազգային սուբյեկտ չենք։ Այս ձայնագրությունն էլ ոչ մի նշանակություն նրանց համար չունի։ Հայաստանի տվյալ ղեկավարը կարող է ինչ-որ բան ասել, և միջազգային գործընկերները դա անգամ չքննարկեն»,- ասաց նա։