Թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտն ինքզինքը «հեղափոխական» հորջորջող կառավարության ամբողջովին տապալած բնագավառներից է։

Եթե 2013թ-ից սկսած՝ 5 տարի շարունակ այս ոլորտում կազմակերպված պայքարի արդյունքում Հայաստանն ԱՄՆ պետքարտուղարության կողմից ԱՄՆ-ի կոնգրեսին ուղարկվող ամենամյա զեկույցի համաձայն՝ դասվում էր խիստ պատվաբեր՝ 1-ին խումբ փոքրաթիվ երկրների շարքը, ապա 2018 թվականին ՀՀ-ն այս համատեքստում նահանջ արձանագրեց՝ 1-ին խմբից իջնելով 2 -րդ խումբ։

Իսկ 2020 թվականի արդյունքներով Հայաստանը հայտնվեց է՛լ ավելի վատթար դիրքում՝ տեղ զբաղեցնելով 2-րդ խմբի հսկողական ցուցակում։

Այսօրինակ գահվիժման հիմքում, ըստ ամենայնի, ընկած են թավշյա կառավարության առաջնահերթությունները, մասնավորաբար, այն, որ վերջինս ավելի շատ ուշադրություն է դարձնում մարմնավաճառության ու թմրամոլության լեգալացման հարցերին, քան թե՝ դրանց դեմ պայքարին։