ՍԷԿՏ-ի՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի յուրաքանչյուր ուղևոր սահմանը հատելիս արձանագրվում է, այսինքն, իր անձնագիրը մտնում է համակարգ։ Մայիս ամսվա տվյալները ՍԷԿՏ-ով արդեն հայտնի են և, ցավոք, ոչ մխիթարական։ Ըստ այդմ, փաստվում է, որ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների միտումները ուղևորոհոսքերի բացասական սալդոյի համատեքստում շարունակում են խորանալ։

Տեսեք, եթե հունվար-ապրիլ՝ 4 ամիսների տվյալներով այդ թիվը կազմում էր 80540 , ապա մայիսին դրան ավելացել է ևս 8314 անձ և 5 ամիսների տվյալներով ընդհանուր ուղևորահոսքերի բացասական մնացորդը հասել է արդեն պատկառելի թվի՝ 88854-ի, այսինքն, գրեթե՝ 90000, ինչը ոչ այլ ինչ է, քան՝ հակառեկորդ, թավշյա իշխանությունների հերթական հակառեկորդը։ Մասնագետների գնահատմամբ՝ նման մեծ թիվ վերջին 25 տարվա ընթացքում չի արձանագրվել։ Բայց միայն այդ չէ, որ մտահոգում է, ավելի մտահոգիչ է այն, թե բացասական մնացորդն ինչ ծավալներից է առաջացել։

Այլ բան է, երբ միլիոնավոր ուղևորաշրջանառություն է և դրանից 40000-ը բացասական է՝ 1, 2, 3 տոկոսանոց ամենաշատը, այլ բան, երբ վերևում նշված 90000-ը բաժին է ընկնում ընդամենը 368 000 ուղևորահոսքերի ընդհանուր ծավալներին՝ կազմելով 25 տոկոս։

Եթե նախկինում, նախընթաց տարիներին 30-40 ուղևորից մեկը չէր վերադառնում Հայաստան, ապա ներկա տվյալները խոսում են այն մասին, որ 4 ուղևորից մեկը չի վերադառնում, այսինքն, չվերադարձողների բազմապատիկ աճ ունենք։

Այս սարսափազդու թվերի պատճառները պարզելու համար պետք է հասկանալ, թե որո՞նք են Հայաստանից հայ մարդուն արտամղող գործոնները։

Իսկ դրանք, պարզվում է՝ մեկը կամ երկուսը չեն, մի ամբողջ փունջ է՝ բարոյահոգեբանական անմխիթար մթնոլորտից սկսած՝ մինչև անվտանգային գործոններ, որոնք հիմա կտրուկ ավելացել են, ի հավելումն՝ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն ու ապագայի հանդեպ անվստահությունը և անորոշությունը։ Բնականաբար, պարզելու համար, թե թվարկվածներից որ գործոնն ինչ կշիռ ունի, հարկ է լրացուցիչ հետազոտություն կատարել։ Բայց արդեն իսկ ակնհայտ է մարդուն հայրենիքից արտամղող այն գործոնների համախումբը, որոնք առավել ցայտուն արտահայտվել են վերջին տարիներին։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա արդեն տարեկան ցուցանիշներով հակառեկորդ «կխփենք»։

Ի դեպ, 90-ականների սկզբներին՝ 90-93 թվականներին, որ հայտնի են որպես զանգվածային արտագաղթի տարիներ, շուրջ 600 000 ազգաբնակչության կորուստ ունեցանք, այսինքն, տարեկան միջին հաշվով՝ 200 000։ Հիմա այս տեմպերով գնալով՝ 90-ականների նիշին էլ կհասնենք ու կանցնենք։

Այսինքն, «զանգվածային արտագաղթ» տերմինը փոխարինվել է այսօր նոր երևույթով՝ որն այլ կերպ չես անվանի, քան՝ «մասսայական փախուստ»։