ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերի միասնական երթուղիների համար։

«Մեկ այլ մրցույթ հայտարարվել է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար։

Մրցույթներն անցկացվում են ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համաձայն։

Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող մրցույթների արդյունքում շահող կազմակերպությունները կսպասարկեն ըստ մարզերի փաթեթներում ընդգրկված միասնական երթուղային ցանցերը։ Միասնական երթուղային ցանցերի գործարկմամբ նշված մարզերում բոլոր համայնքները կապահովվեն կանոնավոր տրանսպորտային սպասարկմամբ, ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավետությունը, ինչպես նաև՝ ոլորտի վերահսկողության մակարդակը:

Մրցույթի մասնակցության համար կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջներից է այն, որ մրցույթի ներկայացվող ավտոբուսների առնվազն 20 %-ը պետք է հարմարեցված լինի սահմանափակ կարողություններով մարդկանց կարիքների (տեղաշարժվելու, լսողության և տեսողության խնդիրներ ունեցող անձանց նստեցման և իջեցման) համար։

Արարատի, Կոտայքի, Լոռու մարզերի միասնական երթուղիները շահագործելու մրցույթի հայտի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 16-ը, իսկ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի երթուղիների համար՝ հունիսի 23-ը։

Մրցույթների պայմանների և երթուղիների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3g8A3fOhttps://bit.ly/2TTcmjb»,- ասված է հաղորդագրության մեջ: