Հունիսի 9-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։20-ի սահմանում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ, գրում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Վայք քաղաքի բնակիչ, 5-ամյա Արփի Գ․-ն, 4-ամյա Միքայել Բ․-ն, 5-ամյա Նոյ Ա․-ն, 4-ամյա Արշակ Ա․-ն, 5-ամյա Սարգիս Ա․-ն, 4-ամյա Մենուա Ս․-ն, և 6-ամյա Կարեն Ե․-ն։

Գիշերը՝ ժամը 2-ի սահմանում, նշված բուժմիավորում է տեղափոխվել նաև Վայք քաղաքի բնակիչ, 6-ամյա Վիկտորիա Ֆ․-ն։ Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Վայք քաղաքի թիվ 3 մանկապարտեզի սաներն են, որոնք մանկապարտեզում սնվելուց հետո վատացել են։

Մանկապարտեզ են ժամանել «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի» և «ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վայոց Ձոր մասնաճյուղի» աշխատակիցները, որոնց կողմից նշված մանկապարտեզում կատարվել են նմուշառումներ:

Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։