Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակը՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքների փոխանակման համար», — ասել է Մակրոնը: «Մենք գիտենք մեր տարաձայնությունների մասին, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսության գնալ», — նշել է Ֆրանսիայի նախագահը: «Ցանկանում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», — հայտարարել է նա: Մակրոնը նաեւ հայտնել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու վարքագծի կանոնները դաշնակիցների միջեւ հարաբերություններում»: