Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:

ԿԸՀ հունիսի 10-ի նիստում քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց. «Հունիսի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել գրություն՝ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի կողմից: Գրությանը կից փակցված է կուսակցության ղեկավար մարմնի՝ նախագահության որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ»:

Նա հիշեցրեց նորմը, որ կուսակցությունները, դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ժամը 18:00-ն իրավունք ունեն ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում:

Կուսակցության լիազոր մարմինը ԿԸՀ նիստում այլ ասելիք չուներ:

Այսպիսով, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը քվեարկությամբ ընդունվեց: