Այսօր՝ հունիսի 10-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Մարալիկի  հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև  բժիշկները, ովքեր վիրավորներին  մինչև Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորութամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն  Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժնի քննիչները:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ոստիկանությն Անիի բաժնի օպերատիվ  խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: