Թիվ 2 բուժմիավորման աշխատակիցները ահազանգում են՝ աշխատավարձ չեն ստացել։ Irakanum.am-ին աշխատակիցներից մի քանիսը, որոնց անունները չենք հրապարակում հայտնեցին, որ արդեն երկրորդ ամիսն է աշխատավարձ չեն ստացել։ Տնօրինությունից աշխատակիցներին հայտնել են, սպասեք՝ փող  չկա։ Նշենք, որ բուժմիավորման փայատերերից է նաեւ գերենալ, նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։

Ինչո՞վ է պայմանավորված աշխատավարձերի ուշացումը, երբ են աշխատակիցները վճարվելու, Irakanum.am-ը զրուցել է թիվ 2 հիվանդանոցի տնօրեն Տիգրան Խաչատրյանի հետ։ Վերջինս ընդունեց, որ աշխատավարձի խնդիր կա, սակայն հայտարարեց, թե խոսքը ոչ թե երկու ամսվա, այլ մոտ մեկ ամսվա ուշացման մասին է։ «Մենք ամեն ամիս վճարում ենք, բայց ունենք մոտ մեկ ամսվա ուշացում»,- ասաց տնօրենը։  Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ուշացումը, տնօրենն ասաց․ «Մենք նախորդ տարի  ընդհանրապես չենք աշխատել, պայմանավորված Քովիդով պլանային հիվանդներ չենք ընդունել, երկրորդը՝ ունեցել ենք բյուջեի շատ լուրջ կրճատում, քանի որ զորակոչը մեր հիվանդանոցից հանել էին անցած տարի և մոտավորապես 50-60 մլն-ի վնաս ենք ունեցել, որն էլ կազմում է մոտավորապես հիվանդանոցի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այդ ամբողջ ընթացքում, սակայն ոչ աշխատակիցների, ոչ էլ աշխատավարձերի կրճատում չեն արել։ «Ուրիշ հիմնարկներում արել են 10-20 տոկոս կրճատում և աշխատավարձերի 30 տոկոս կրճատում, բայց ես դա չեմ արել։ Այսօրվա դրությամբ ես ունեմ 20 օրվա պարտք։ Այսինքն տվել եմ ապրիլ ամսվա աշխատավարձերը այսօր, իսկ մայիսինը չեմ կարող տալ, տալու եմ արդեն հուլիսի սկզբին»,- ասաց հիվանդանոցի տնօրենը։

Հիվանդանոցում առկա ֆինանսական խնդիրների մասին, ըստ տնօրենի ինքը տեղյակ է պահել աշխատակիցներին, հայտնելով, որ հույս ունի՝ մինչեւ տարեվերջ այն լուծում կստանա։ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ առկա վիճակը ֆորսմաժորի հետևանք է, նախ կորոնավիրուս, ապա պատերազմ։ «Մինչև նոյեմբեր ամիս այդ պարտքը մաս- մաս մարվելու է։ Այս ամենը օբյեկտիվ պատճառներ ունի»,- նշեց տնօրենը։

Irakanum.am