Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմում կորցրել է ժամկետային զինծառայող որդուն: Բայց իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ որդու ծնունդով: Երեկ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը: Այս մասին գրում է shantnews.am-ը:

7 ամիս առաջ գործընկերները ցավակցում էին Լուսինեին ավագ որդու՝ Դավիթի զոհվելու համար, իսկ այսօր շնորհավորում են ևս մեկ զավակի լույս աշխարհ գալու առիթով:

«Լուսինեն մեր հիվանդանոցի աշխատակից է: Շատ սպասված փոքրիկ է, որովհետև ամբողջ հիվանդանոցը, առավել ևս մեր բաժանմունքը, անհամբեր սպասում էր այս նորածնի լույս աշխարհ գալուն: Լուսինեն մեր ստացիոնար հսկողության տակ է գտնվել: Շատ ծանր հոգեբանական վիճակում էր, նաև առողջական խնդիրներ ունի՝ բրոնխիալ ասթմա և ստորին վերջույթների վարիկոզ: Բայց Լուսինեն նվիրյալ մայր է և հաղթահարեց ամեն ինչ»,- Shantnews-ին ասել է Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը:

Լուսինեի ավագ որդին՝ Դավիթը, բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսին: Ընդամենը մեկուկես ամսվա զինծառայողը Մարտակերտում է մասնակցել թեժ մարտերին։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 16-ին: Եվ օրեր անց հայտնի է դարձել Լուսինեի հղիության մասին: Եվս մեկ զավակ ունենալու որոշումը նրան հեշտ չի տրվել: Հոգեբանական ծանր վիճակից դուրս գալ և նորից մայրանալու որոշում կայացնել օգնել են ընտանիքի անդամները, նաև գործընկերները:

Փոքրիկը կանխածին է, լույս աշխարհ է եկել 1 կգ 900 գրամ քաշով, ներարգանդային զարգացման հապաղումներ, նաև շնչառական խնդիրներ է ունեցել: Հիմա նորածին տղայի վիճակը բավարար է: Բժիշկներն են բացատրում՝ որդու կորստից ընդամենը 7 ամիս անց մայրացած կնոջ մոտ այլ կերպ չէր էլ կարող լինել: