ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի շահերի իրականացման: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակում պետության շահի համար աշխատանքը շարունակելու փոխարեն, ԱԳ նախարարի տեղակալները հրաժարականներ են տալիս: Նշենք, որ Արմեն Ղեւոնդյանը միակ փոխնախարարն է մնացել ԱԳՆ-ում:

Ինչ վերաբերում է փոխնախարարի հրաժարականների դիմումներին, ապա նա ասաց. «Ձեզ դրդապատճառները հայտնի են»:

Նա նշեց, որ իր դիմումը հետ չի վերցրել, սակայն թե ինչու չընդունվեց, կոչ արեց հարցը հասցեագրել  կառավարությանը: «Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները տվել են ազատման դիմումներ, որոնք այս պահին բավարարվել է մասնակի»,-ասաց նա:

Հարցին, թե դա կապ ունի՞ այն փաստաթղթի հետ, որի մասին Փաշինյանն ասել էր, թե ստորագրելու է, նա պատասխանեց. «Ընդհանուր պետք է դիտարկել այս վիճակում արտգործանարարության դերակատարումը և ֆունկցիաներ: ԱԳՆ-ն 25-30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ մեր ազգային շահերի իրականացման»:

Նա չպատասխանեց հարցին, թե իշխանությունը պետական շահերին հակառակ է գնում, թե ոչ: Հարցին, թե ի վերջո է հրաժարականի պատճառը ո՞րն, նա պատասխանեց. «Նույնն դրդապատճառով, ինչ բոլոր գրոծընկերները, մենք ասել ենք, որ ընդհանուր առմամբ արտաքին գործերի նախարարությունը  պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա արտաքին քաղաքականությունում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հունիսի 7-ին տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել էր երեք փոխնախարարներին՝ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին ազատելու որոշումները: