Բոլոր ոլորտներն էլ կարևոր են․ ոստիկանություն, սոցապ, հիմա Պաշտպանության նախարարությւոնում ենք ուսումնասիրություն անում։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին,  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով իրենց կողմից ուսումնասիրվող ոլորտներին։

«Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն և՛ գաղտնի մասով, և՛ ոչ գաղտնի մասով, տարվա վիճակից ելնելով՝ չենք հասցրել անցած տարի վերջացնել։ Ամենայն հավանականությամբ՝ առողջապահություն, պաշտպանության, պետական եկամուտների կոմիտեում մոտակա ամիսների ընթացքում կլինեն վերջնական հաշվեքննության արդյունքները»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ Արսեն Թորոսյանը, երբ առողջապահության նախարար է, դիմել է պալատին, որպեսզի կորոավիրուսով պայմանավորված գնումները չուսումնասիրվի, իսկ այնուհետև պատճառաբանել է պատերազմով և կրկին դիմել է, որ չստուգեն, ներկայումս նման  հետաձգման դիմո՞ւմ է եղել կառավարությունից, Լևոն Յոլյանն ասաց, որ առաջին նամակը մայիս կամ հունիս ամիսներին է եղել։ «Վիճակը իրոք ծանր էր, քովիդի հետ կապված ստուգում չկար։ Մենք նախատեսել էինք հաշվեքննել առողջապահության նախարարության գրեթե 80 տոկոս ծախսը կազմող թեմաներ, այդ ժամանակ նա դրա համար է դիմել։ Պալատը հարգել է խնդրանքը, մյուս դիմումը եղել է նոյեմբեր ամսին, որ հիմա մի սկսեք և մենք հնարավորություն կունենանք ձեր ուզած նյութերը տալ մարտ ամսին։

Հետո քովիդով սրվեց վիճակը և կառավարությունից գրություն ենք ստացել, նկարագրվել է առողջապահության վիճակը»․–ասաց նա և նշեց, որ այդ նամակը բոլոր մարմիններին է ուղղված եղել և արդեն ուսումնասիրությունները իրականացնում են։