Այսօր ՀՀ նախկին վարչապետ և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է կուսակցության տնտեսական ծրագիրը և անդրադարձել հայաստանյան տնտեսական իրավիճակին:

«Թոշակը կամ աշխատավարձը ավելացնելով՝ մասնավոր սեկտորները բարձրացվում են և դրան համապատասխան ավելանում է արտադրությունը և այդպես կարող է ավելանալ երշիկի և մածունի արտադրությունը, բայց այդպես չի կառուցվի Երևանից Մեղրի ճանապարհ, հնարավոր չէ էդպես ունենալ զենքի արտադրություն»,- ասաց Բագրատյանը:

Նա անդրադարձավ նաև ՀՀ 3-րդ նախագահի օրոք տնտեսական իրավիճակին և նշեց, որ այս իշխանության օրոք պետք չէ սպասել տնտեսական աճի, իսկ այս իշխանությունների օրոք տնտեսության ոչ բարվոք իրավիճակի պատճառով մենք պարտություն ենք կրել:

«ՀՀ 3-րդ նախագահի օրոք տնտեսությունը աճեց 23%-ով, այս իշխանության օրոք 5,2%-ով, այսինքն չի լինի տնտեսական աճ, որովհետև այս իշխանության մոտ չկա գիտակցումը և վերարտադրվելու դեպքում տնտեսական աճ չի լինի, իսկ ընդհանրապես ինչու՞ պետք է լինի տնտեսական աճ: 2020 թվականի բանակում մի շաբաթ հետո զինամթերքը վերջացավ»,- նշեց նա:

Հրանտ Բագրատյանը նաև նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը գտնվում է ոչ բարվոք իրավիճակում և պայմանները բավարար չեն գյուղատնտեսությունը զարգացնելու համար և դրա մասին է խոսում Փաշինյանը:

«Այսօր գյուղատնտեսությունը մեծամասամբ չի աճում, քանի որ անհրաժեշտ էլ չի, քանի որ էքսպորտի հնարավորություն չկա, ոչ էլ վերամշակման հնարավորություններ, և ընդհանրապես մտածու՞մ ենք, թե ինչու ենք օգնում գյուղացուն որևէ արտադրանքում, եթե այն վաղը չի ծախվելու, ահա սրա մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց նա: