«Երեխաները նախաճաշել են, որից մոտ մեկ ժամ հետո մի քանի հոգի փսխել են։ Երեք խմբից մի տեղ չորս հոգի, մի տեղ՝ հինգ, մյուսում՝ երկու երեխա։ Ընդհանուր 11 երեխայի մոտ է փսխում արձանագրվել»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Վինի Պուխ Ի ընկերներ» մանկապարտեզի տնօրեն Աննա Հայրապետյանը, անդրադառնալով մանկապարտեզում երեխաների ինքնազգացողության վատացման պատճառին։ Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն  երեկ, Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։

Աննա Հայրապետյանն ասաց, որ երեկ մանկապարտեզ է այցելել  56 երեխա։ Բոլորն էլ նախաճաշել են, փսխում արձանագրվել է միայն 11-ի մոտ։ Մանկապարտեզի ղեկավարությունն անմիջապես առաջին օգնությունն է ցույց տվել երեխաներին, որից հետո զանգահարել են շտապօգնություն։  «Շտապօգնությունը ցուցում է տվել, որ երեխաներին տանենք հիվանդանոց։ Իրենք աշխատակիցների հետ միասին գնացել են հիվանդանոց, որտեղից էլ զանգահարել ենք ծնողներին»,- ասաց մանկապարտեզի  տնօրենը, հավելելով, որ վերցվել են սնունդից փորձանմուշներ։ «Վերցվել են և տվյալ օրվա և նախորդ օրվա նմուշները, որովհետեւ 48 ժամ նմուշ ենք պահում։ Իրենք բոլորը վերցրել են՝ տարել են ստուգման։ Կա տեսակետ, որ հնարավոր է կաթնաշոռից և թթվասերից առաջացած լինի»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենը։

Հիվանդանոց տեղափոխված երեխաները նույն օրը դուրս են գրվել։ Ավելին նրանցից շատերն այսօր կրկին մանկապարտեզ են հաճախել։ Աննա Հայրապետյանը խորհուրդ է տալիս «պղտոր ջրում ձուկ չորսալ», իրենց մանկապարտեզը հայտնի է իր լավագույն չափորոշիչներով։ Մանկապարտեզ այցելող երեխաների ծնողներից երբեք դժգոհություններ չեն ստացել, ավելին երեկվա «միջադեպից» հետո ևս ծնողները ինչպես այցերով, այնպես էլ՝ հեռախոսազանգի միջոցով հայտնել են իրենց շնորհակալությունը ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար։

Մանկապարտեզն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է իր բնականոն աշխատանքը։

Irakanum.am