Եվրախորհրդարանականները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են արել փոխանակել հասանելի տեղեկատվությունը՝ արդյունավետ ականազերծումը շարունակելու համար: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչովի եւ Ադրբեջանի հարցերով զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ:

Նրանք ափսոսանք են հայտնել հունիսի 4-ին երեք ադրբեջանցիների մահվան կապակցությամբ, որոնք մահացել են ականի պայթյունից Քարվաճառում, որը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է հայտնվել:

«Երկու կողմերն էլ պարտավոր են համագործակցելու պարտավորություն վերցնել իրենց վրա եւ հասանելի տեղեկատվություն փոխանակել` արդյունավետ ականազերծումը շարունակելու եւ հետագա ողբերգությունները կանխելու համար: Նրանք նաեւ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն փոխադարձ վստահության եւ հաշտեցման հիմնական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ՝ սկսած մնացած բոլոր գերիների ազատ արձակումից, հրահրող հռետորաբանությունից հրաժարվելուց, վիճահարույց սահմանային շրջաններից զորքերը հեռացնելուց եւ հակամարտության երկարաժամկետ կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վերսկսումից։

Ցամաքային ականներն իրենց բնույթով անխտիր գործողության զենք են, որոնք չեն կարող տարբերակել քաղաքացիական եւ ռազմական թիրախները, եւ ցավալի է այն փաստը, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն հանդիսանում 1997թ. «Հակահետեւակային ականների արգելքի մասին կոնվենցիայի (Օտտավայի պայմանագիր) մասնակից:

Մենք կոչ ենք անում կողմերին պայմանավորվել Կոնվենցիային միաժամանակ միանալու մասին՝ ոչ միայն որպես վստահության ամրապնդման միջոց, եւ առաջարկել նրանց հրապարակավ հայտարարել հնարավորինս շուտ նման համատեղ քայլ կատարելու պատրաստակամության մասին»: