Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի առաջին և երկրորդ օրերին անդրադարձավ նախ հայոց բանակին ու հայ զինվորին, ապա նախազգուշացրեց քաղաքացիական վրեժի մասին, իսկ Բաքվում պահվող ռազմագերիներին ու նրանց ծնողներին էլ «հուսադրեց»՝ ասելով, թե գերիներին իրենց կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան գերության մեջ։ Հայ զինվորի մասին էլ ասաց, թե նախկինում հայ զինվորի դեմ մեկ կոնֆետ էին շպրտում, որը ճանկռելով այն վերցնում էր։

168.am-ը ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ զրուցել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների, դրանց հետևանքների մասին։

Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը հաճախ է շահարկում գերիների անունը, որի թույլտվությունն անվտանգության առումով որևէ մեկը չունի։

«Եթե մենք՝ քաղաքական գործիչներս, առավելագույնս զսպվածություն ենք ցուցաբերում գերիների հետ կապված՝ անգամ մեր գործունեությունը ներկայացնելու առումով, նույն կերպ պետք է Նիկոլ Փաշինյանն անի։ Նա խոսել է Բաքվի բանտերում գերիների՝ 2 ամիս ավելի մնալուց, հաշվի չառնելով այն հոգեբանական ծանր վիճակը, որն ունեն գերիներն այնտեղ և նրանց ծնողները։ Այս ամենը հայտարարելուց  հետո Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը մեկ այլ վտանգավոր բան հայտարարեց, թե պատրաստ է իր որդուն փոխանակել գերիների հետ։ Եթե պատրաստ է որդուն փոխանակել գերիների հետ, ինչն անհնարին երևույթ է, ապա դա պետք է աներ 7 ամիս առաջ, և որևէ կերպ մեր գերիները մեկ օր ավելի չպետք է մնային այնտեղ, այլ ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելու համար այսօր նման բաներ ասեր»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը, նման հայտարարություններ անելուց առաջ, պետք է այնպես աներ, որ որևէ մեկի տղան չգերեվարվեր, քանի որ պատերազմից հետո գերեվարված 62 հոգին բացառապես անփութության, անտերության և չկազմակերպվածության արդյունք էր։

«Իր տղային առաջարկել գերու կարգավիճակում, որպեսզի մյուսներին հետ բերի՝ անհեթեթություն է, վստահ եմ, որ նա շատ լավ գիտի, որ նման բան անհնարին է»,- հավելեց Ս. Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ քաղաքացիական վրեժի մասին, պատգամավորը նկատեց՝ երևի Հայաստանում ատելությունը որևէ ժամանակում նման աստիճանի չի եղել, ինչպիսին որ այսօր է։

«Օգտվելով նրանից, որ, այսպես ասած՝ ցածրակենցաղ մակարդակի մարդկանց մոտ ինքը հեղինակություն է, և հանուն իրեն այդ մարդիկ կգնան մինչև ինքնազոհողության, գնում է նման քայլի։ Իրենք հանուն Նիկոլի՝ ինչո՞ւ չէ, պատրաստ են քարով հարվածել, վենդետաների գնալ և այլն, ինքը այդպես է անում, որ վերջում առիթն օգտագործի, ու ինչպես բոլոր ժամանակներում, ասի՝ դե, դուք եք արել, ես ի՞նչ մեղավոր եմ։ Այսինքն՝ այդ ամենի պատասխանատվությունը մնալու է ժողովրդի վրա։ Եվ ամենասարսափելին այն է, որ գրեթե նույն հռետորաբանությամբ սկսել է խոսել նաև ընդդիմությունը, սա անընդունելի է, ընդդիմությունը չի գիտակցում, որ վերջում Նիկոլ Փաշինյանը կարող է այդ ամենը հրահրել ու ուղղակի թողնել ընդդիմության պատասխանտվության վրա»,- շեշտեց նա։

Նա անդրադարձավ նաև գերեվարված տղաների հարազատների հայտարարություններին, մասնավորապես՝ Շիրակի մարզից գերեվարվածների, որոնք հայտարարում էին, թե ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը չի մտնելու Շիրակ, մինչև իրենց տղաներին չվերադարձնեն, սակայն այսօր Նիկոլ Փաշինյանն անարգելք մտել էր Շիրակի մարզ։

«Այո, նրանք կարող են ինչ-որ հայտարարություններ բարձրաձայնել, միևնույն ժամանակ՝ մտավախություններ ունենան, որովհետև նրանք չեն ուզենա նեղացնել որևէ մեկին, բայց բոլորից պահանջում են իրենց տղաներին։ Սակայն իրականում հասցեատերը միանշանակ իշխանությունն է, ինչպես գերության մատնվելու, այնպես էլ հետագա վերադարձի հետ կապված։ Նրանք պահանջում ու ակնկալում են բոլորից, ով ուզում է լինի, միայն տղաների վերադարձի հարցը լուծվի»,- ընդգծեց նա։

Միաժամանակ նա նշեց, որ այն ժամանակահատվածը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը և բնորոշում հայ զինվորին, այսինքն՝ նախկինների ժամանակահատվածում, չպետք է մոռանա, թե ինչ սխրանքներ գործեցին այդ ժամանակ հայ զինվորները։

«Որևէ մեկը բարոյական իրավունք չունի, ինչ-որ բանից խոսելուց, հայ զինվորի անունը շահարկել, միայն պատվի պետք է առնեն, պատվով խոսեն։ Եթե թերացումներ կան, այսօր էլ կա, երեկ էլ է եղել, թող ամեն ինչ անեն այդ թերացումները շտկելու համար։ Եթե այդքան շատ են հետաքրքրված հայ զինվորի պատվով, ապա այսօր հասարակության վրա չպետք է մնա զինվորին մինչև անգամ ներքնաշորեր հասցնելը, որ նա կարողանա դաշտային պայմաններում իր ծառայությունն իրականացնի»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է  իր հետագա գործունեությանը և հարցին՝ հնարավո՞ր է՝ հետագայում որևէ պաշտոն զբաղեցնի, Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ նման որևէ քննարկման չի գնացել, իրեն առհասարակ հետաքրքիր չէ։

«Ես շարունակելու եմ ապրել՝ որպես ՀՀ քաղաքացի, այս պահին հակված եմ մասնագիտական գործունեություն ծավալել, ժամանակը ցույց կտա։ Նախընտրական ցուցակներից որևէ մեկում ընդգրկվելու համար որևէ ուժի հետ չեմ գնացել քննարկման, թեև տարբեր կողմերից առաջարկներ ստացել եմ, որովհետև կարծում եմ՝ այս պահին երկիրը կայունության և խաղաղության կարիք ունի, և ոչ թե՝ ինչ-որ պաշտոնների»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։