«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 1-ի հրամանագրով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի առաջարկով, նրա նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին նշանակեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Դիվանագիտական կորպուսը, ծանոթանալով հրամանագրի տեքստին, խիստ զարմացել է, քանի որ հատուկ շեշտված է․ «Նշանակել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»:

Երբեք ՀՀ բարձրագույն դիվանագիտական պաշտոնների՝ դեսպանների ու դեսպանորդների նշանակման հրամանագրերում չի նշվել ժամկետը։ Անգամ այս տարվա հրամանագրերում՝ հունվարի 27-ին Արմելլա Շաքարյանին՝ Մեքսիկայում, փետրվարի 16-ին Հրանտ Պողոսյանին՝ Ճապոնիայում և Կորեայում, մարտի 18-ին Արմեն Մարտիրոսյանին Լիտվայում դեսպան նշանակելու հրամանագրերում և ոչ մեկի դեպքում ժամկետ նշված չի եղել։

Մեզ հետ զրույցում Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը նշեց, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը նախատեսում է «2 տարի+1» աշխատած դիվանագետների ռոտացիա, սակայն հրամանագրերում ժամկետներ երբեք չեն նշվել, որովհետև դեպքեր են եղել, երբ դեսպանն աշխատել է ընդամենը ամիսներ, իսկ երբեմն՝ 10 և ավելի տարի։ Սա, ըստ նրա, քաղաքական նշանակում է և «հերթական ինքնակամ մոտեցումը»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։