Ընդդիմության որևէ ուժի կողմից չեմ տեսել այնպիսի հռետորաբանություն, որը տեսնում ենք ներկայիս ժամանակավոր իշխանության կողմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքում երկուստեք հնչող վիրավորանքներին։

«Այն ոճը, մշակույթը, որ կա, ատելության խոսքի, սևերի ու սպիտակների բաժանելու հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես ժամանակավոր իշխանությանը»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ են անում, որպեսզի կանխեն քաղաքացիական բախումները, Արամ Վարդևանյանը նկատեց՝ երեկ վարչապետի պաշտոնակատարն ուղիղ դրա մասին էր խոսում․ «Նա բառացի դրա մասին էր խոսում։ Ընդդիմության պատասխանատվությունը միայն մեկ հանգամանքով է պայմանավորված, որ վարկանիշը սրընթաց բարձրանում է։ Եթե ընդդիմությունը մեղավոր է, որ վայելում է հասարակության լայն հատվածի աջակությունը և դրանով իսկ ընկնում է ներկայիս իշխանության վարկանիշը, այդ առումով այո, մեղավոր է։ Որ ընդդիմության վարկանիշը բարձրանում է և դրա հետևանքով նման հուզումնալից վիճակ է առաջանում, այդ մասով ընդունում ենք»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Աղբյուր` Փաստինֆո