ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ-ն բացահայտել է ադրբեջանական բանակին հայկական կամավորական ջոկատներից մեկի կողմից տվյալներ տրամադրելու դեպք։

«Երևի թե մեր ազգն աններելի մեղք է գործել Արարչի առջև՝ ի պատիժ և փորձություն ստանալով պաշտոնից բխող գործառույթներից բացարձակապես ոչինչ չհասկացող ղեկավար, ով համառորեն գերադասում է այժմեական էժանագին սենսացիան և PR-ը՝ օրվա հրամայականին։

«Աննախադեպության» բարդույթով տառապող մի բարձրաստիճան պաշտոնյա օրերս՝ հունիսի 4-ին, չսպասելով նախընտրական քարոզարշավի մեկնարկին, Արարատի մարզի Գեղանիստ համայնքում հայտարարել է կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի կողմից պետական դավաճանության դեպքի բացահաjտման մասին՝ մեծահոգաբար թույլ տալով հավանականություն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մոտակա օրերին այդ կապակցությամբ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Տասնյակ տարիներ աշխատելով ազգային անվտանգության ծառայությունում՝ երբևիցե չեմ տեսել, որ երկրի ղեկավարը, նախքան ԱԱԾ պաշտոնական հաղորդումը, հրապարակի լրտեսի վնասազերծման մասին՝ նշելով վերջինիս կարգավիճակը։ Սովորաբար նման բարդ բնույթի գործերով հայտարարություններ արվում են քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց առաջ կամ էլ տրվում է սուղ տեղեկատվություն՝ գործի քննության լրիվությունը, բազմակողմանիությունը և լրտեսական ցանցում ներգրավված բոլոր անձանց և նրանց օտարերկրյան խնամարկուներին բացահայտելու, վնասազերծելու և պատասխանատվության կանչելու համար։ Նման տեղեկատվություն տարածումն էլ է ենթադրում գործի համար նշանակություն ունեցող տվյալների արտահոսքի բացառում։ Ի վերջո, ի՞նչ կարևոր է Գեղանիստ համայնքի բնակիչներին, թե լրտեսն ինչ կարգավիճակ է ունեցել, ղեկավարե՞լ է արդյոք կամավորական ջոկատ, թե՞՝ ո՛չ։ Սակայն նման տեղեկատվության տարածումն անշուշտ չի վրիպի թշնամական հետախուզության ուշադրությունից՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով։

Վարչապետի պաշտոնակատարն իրեն չի ծանրաբեռնել՝ մտածելով, որ գուցե եղել են դեռևս չպարզաբանված անձինք, որոնք կարող էին գլխի ընկնել և թաքնվել քննությունից, ԱԱԾ կողմից օպերատիվ խաղ կազմակերպելու հնարավորությունների գնահատումը։ Ըստ երևույթին, նախընտրական ժամանակաշրջանում նրա համար ավելի կարևոր է եղել պատերազմում պարտության մեղավորների փնտրտուքը և նշանակումը, քանզի գլխավոր պատասխանատու լինելու հանգամանքը գոնե ընդունել է։

Հարկ համարենք նկատել, որ գործի բերումով ղեկավարը կարող է իմանալ շատ բան, սակայն դա չի նշանակում ամեն ինչ հանրայնացնել»: