Ակնհայտ է, որ պատերազմով մենք չենք կարողանա մեր թշնամուն հանել մեր տարածքից, պետք է անենք բանակցություններով։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Մալաթիա-Սեբիաստի վարչական համայնքում քարոզարշավի սկսվելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Դիվանագիտական ճակատում «Լուսավոր Հայաստանը» կարող է մեծ ներդրում ունենալ։ Այսօր էլ ունենք ուղղակի՝ որպես խորհրդարանի ներկայացուցիչ, վաղը կարող ենք ունենալ որպես գործադիր իշխանություն։ Հայաստանը արտաքին ճակատում պետք է բալանսավորված քաղաքականություն վարի, որպեսզի այս վիճակից դուրս գա։ Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերին հանելու ենք Հայաստանի տարածքից։ Մենք 540 կմ սահմանն ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով, պետք չէ, որ այդտեղ զինվորներ կանգնեցնենք»,- նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ գործող իշխանությունը նույնպես խոսում է թշնամուն բանակցությունների միջոցով Հայաստանից սահմաններից հեռացնելու մասին, Մարուքյանը հակադարձեց, որ գաղափարն ասել են, սակայն չեն բանակցել։

«Մեր բանակացության տարբերությունն այն է, որ մենք ունենալու ենք բանակցող։ Մեր բանակցողը չի լքելու խրամատը, պետական ծառայությունը։ Իրենց բանակցելու արդյունքները մենք տեսել ենք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։