Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչների՝ ամերիկահայ փաստաբաններ Կարո Ղազարյանի և Գառնիկ Քերքոնյանի հետ առցանց զրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ ՏՏ ոլորտին։

Թեմայի շրջանակում նախագահ Սարգսյանը անդրադարձը ներկայացնում ենք ստորև։

— Պետք է լինի մի կամուրջ, որը կմիավորի Հայաստանն ու Արցախը, խոսքը միայն Լաչինի միջանցքի մասին չէ, այլ իրական կամրջի: Որպես նախագահ, որպես պետական գործիչ, բանակցությունների վարպետ, Դուք պետք է որ լուծում ունենաք սրա համար: Ո՞րն է դա:

— Մեկ բառով՝ լուծումը «Չորրորդ Հանրապետությունն է»: Ես այս մասին հոդված եմ գրել, որի էությունը համառոտ հետևյալն է. Երրորդ հանրապետությունում շատ բաներ ճիշտ ենք արել, հաղթել ենք պատերազմում, պետություն ենք կառուցել, սակայն պետք է ընդունենք, որ շատ սխալ բաներ ևս արել ենք, և այդ ցանկը մեծ է:

Մենք տարիներ շարունակ ապրել ենք մի աշխարհում, որտեղ շարունակ ձևացրել ենք: Ձևացրել ենք, թե Հայաստանն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ: Սակայն ձեզ ասում եմ որպես ՏՏ մասնագետ՝ մենք ՏՏ երկիր չենք: Այդ ոլորտում մասնագետների թիվը մեզ մոտ 6-10 հազար է: Սակայն մենք ձևացնում ենք և հավատում, թե ՏՏ երկիր ենք: Իհարկե, մենք ունենք ֆանտաստիկ դպրոցներ, սակայն դրանք միայն կղզյակներ են:

Ես հպարտ կլինեի, եթե սահմանին բնակվող երեխան կարողանար նույն կրթությունն ստանալ, ինչ Երևանում: Իսկ տաղանդավոր երեխաներ ծնվում են ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև ամենուր, և պետք է գտնել այդ երեխաներին, բացահայտել նրանց տաղանդը, իսկ դրա համար անհրաժեշտ է բարձրորակ կրթություն:

Մենք հաղթեցինք պատերազմում տարիներ առաջ, քանի որ մի քանի տարով առաջ էինք Ադրբեջանից, կարողացել էինք պրոֆեսիոնալ հայ զինվորականների շնորհիվ կազմել պրոֆեսիոնալ բանակ:

Երբ դարձա նախագահ, շարունակ կրկնում էի, որ մենք ոչ նորմալ կյանքով ենք ապրում, Հայաստանի բնակչության ավելի քան կեսը բնակվում է Երևանում: Սա սարսափելի է, սակայն սա այն է, ինչ մենք ունենք:

3 տարի է ես կրկնում եմ՝ հնարավո՞ր է պատկերացնել, որ 2018-ին, երբ ես դարձա նախագահ, Արցախի այցելուների թիվը 13 հազար էր: Եվ սա այն Արցախն է, որի համար կռվել էինք ու կյանքեր կորցրել: Եվ սա միայն Արցախին չի վերաբերում, նույնը նաև Գյումրիի, Գորիսի դեպքում է: Ինչպե՞ս էինք մտածում պահել Արցախը, եթե 1994 թվականի պաշտոնական տվյալներով բնակիչների թիվը 140 հազար էր, իսկ 2020-ին՝ 120 հազար: Մինչդեռ այդ թիվը պետք է եռապատկվեր:

Այնքան շատ բաներ կան, որոնք պետք է ճիշտ անել, և եթե ճիշտ անենք, կհասնենք Չորրորդ հանրապետություն:

Չորրորդ հանրապետություն:

Մինչև այս հարցազրույցը, երբ ինձ գրեցիք քննարկվող թեմաների մասին, ես թղթին հանձնեցի իմ որոշ մտքերը, թույլ տվեք ընթերցել մի հատված.

«Մենք պետք է ունենանք ազգային գաղափարախոսություն՝ ո՞ւր ենք գնալու, ինչի՞ ենք հասնելու, ի՞նչ տեսակ երկիր ենք ունենալու: Այդ գաղափարախոսությունը պետք է վերածվի տեսլականի, տեսլականը՝ ռազմավարության, իսկ ռազմավարությունը՝ գործողությունների ծրագրի: Շատ կարևոր է ճանաչել, ընդունել կամ վերասահմանել ազգային գաղափարախոսությունը՝ ո՞վ ենք մենք աշխարհում:

Պետք է քաջություն ունենանք ընդունել սեփական սխալները, թուլությունները, լինել ռացիոնալ ու պատասխանատու՝ ընդունելու իրականությունը, չապրելու երազանքների աշխարհում: Լինել ավելի լավը՝ թե՛ հավաքական կերպով, թե՛ անհատապես: Ողջ աշխարհի հայերը պետք է միասնական լինեն: Իսկ դա հնարավոր է ամուր տեսլականի, քրտնաջան աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի ու պատասխանատվության միջոցով: Պետք է լինի սեր մեր Հայրենիքի, մեկս մյուսի և մեր առաքելության նկատմամբ, լինի կամք՝ համագործակցելու և սովորելու, լինի նվիրում և կարգապահություն: Այս ամենն անհրաժեշտ է նոր՝ Չորրորդ հանրապետություն կառուցելու համար՝ անգամ զրոյից»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։