«Փաստ» օրաթերթը գրում է.  «km.ru-ն «Հայաստանը Ղարաբաղից հետո. ոչինչ չհասկացան, ոչինչ չհիշեցին, ոչինչ չսովորեցին…» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի քաղաքացիների և հարյուրհազարավոր սփյուռքահայերի վարքի մոդելը պետք է դառնա զանգվածային հոգեբանության և մտավոր շեղումների խնդիրներով զբաղվող մասնագետների սերտ ուսումնասիրության առարկա: Այդ ամենը հիանալի կերպով արտացոլված է հայկական սոցիալական ցանցերում: Ղարաբաղյան պարտությունից հետո ազգային անվտանգությունը կորցրած և վերահաս սպառնալիքներին նվիրված անվերջ քննարկումները Հայաստանի տարբեր ցանցերում «փրփրում են, եռում»: Բայց հասարակության համար անվերջ ցավալի փորձի ֆոնին չկա ոչ մի կառուցողական առաջարկ:

Պատերազմում պարտված «նոր գեներալները» լռում են ձկների պես: Լռում են նաև հին՝ խորհրդային կոփման գեներալները, որոնք ժամանակին դուրս են մղվել նոր քաղաքական վերնախավի կողմից: «Քաջ ու համարձակ ընդդիմությունը» լռում է: Սփյուռքի վերնախավը ջուր է առել բերանը: Չկա նաև հայրենասեր հայերի զանգվածային ներհոսք երկիր: Չկան հացադուլներ կամ զանգվածային բողոքներ: Ոչինչ չկա։ Իսկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, այնուամենայնիվ, շարունակում է զարգանալ: Անհրաժեշտ է ընդհանրապես չճանաչել Ռեջեփ Էրդողանին և Իլհամ Ալիևին, որպեսզի ենթադրվի, որ նրանք գոհ կլինեն առկա ստատուս քվոյից: Եվ միանգամայն տրամաբանական և սպասելի է, որ ադրբեջանցիները խախտել են Հայաստանի սահմանը, հիմնավորվել և սպասում են հայկական կողմի արձագանքին, որը չկա:

Տիրում է ծով լռություն, որին հաջորդել է հանրային վրդովմունքի պայթյունը. որտե՞ղ են ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը, ընդհանրապես, ո՞ւմ է պետք նման ռազմական դաշինքը, եթե այն անարդյունավետ է, ինչո՞ւ են Մոսկվան և «նրա վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունը» այդքան դանդաղորեն արձագանքում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը: Ցավոք, կան այդ արձագանքի «օբյեկտիվ» պատճառներ: ՀԱՊԿ-ը, որպես դասական դաշինք, երբեք չի ունեցել ռազմական գործողությունների մեխանիզմներ: Առնվազն միամտություն կլինի կարծել, որ Բելառուսը կամ Ղազախստանը կպայքարեն Հայաստանի տարածքային ամբողջականության համար ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: ՀԱՊԿ-ն ավելի շատ քաղաքական կազմակերպություն է, որի նպատակն է միավորել Ռուսաստանի բարեկամ հետխորհրդային երկրները լրացուցիչ դրոշի ներքո:

Հայերի մեջ միանգամից հիմնավոր հարց է առաջանում՝ ուրեմն, ո՞րն է դրա իմաստը հայկական կողմի համար։ Բայց առաջին հերթին՝ հենց այդ կազմակերպության միջոցով է արտոնյալ և ներքին գներով զենք մատակարարվել Հայաստանին տասնամյակներ շարունակ: Երկրորդ հերթին՝ դա իրավական կառույց է, որը կարող է անհրաժեշտ լինել կրիտիկական իրավիճակներում: Երևանը գիտի՞ այդ ամենի մասին: Իհարկե։ Եվ հետո՝ հենց Հայաստանն է ժամանակին վիթխարի ներդրում ունեցել կազմակերպության վարկաբեկման գործում: Ո՞րն է գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) անձի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի ստեղծած սկանդալի պատճառը: Կրեմլի պաշտոնյաները դա ընկալել են որպես միտումնավոր հարված կազմակերպության հեղինակությանը և, հետևաբար, հենց Ռուսաստանի հեղինակությանը: Եվ այդ հարվածը հասցվել է հստակորեն Փաշինյանի արտասահմանյան կուրատորների առաջարկով: ՀԱՊԿ մյուս անդամները ևս իրենց լավ չեն պահել:

Նրանք հիշել են դաշինքը՝ որպես բացառապես ռազմական գործիք իրենց համար կրիտիկական պահին: Եվ միևնույն ժամանակ նրանք ամբողջովին մոռացել են, որ դրան մասնակցությունն ինքնին որոշակի պարտավորություններ է առաջադրում: Ամեն երկիր (և առաջին հերթին Հայաստանը) մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ մասնակցել Սիրիայում ռազմական գործողությանը: Նրանք զուտ ջենթլմենական ձևով թույլ են տվել, որ ռուս զինվորը առաջ անցնի: Թող Իվանը մեռնի: Նա դրանից խորթ չէ: Չնայած հիմա Ղարաբաղում սահմանազատման գծում կանգնած է պայմանագրային զինծառայող ռուս Իվանը: Եվ վերջապես, մի քանի խոսք բուն հայ հասարակության հոգեվիճակի մասին: Ազգը շրջադարձային փուլում է: «Մեծ, հին և իմաստուն ժողովրդի» մասին առասպելները ցրվել են առանց հետքի:

Հայերը նախ՝ պարտվել են ժողովրդագրական առումով, ապա` մտավոր: Այս երեսուն տարվա «վրեժի սպասման» ընթացքում, ինչպես ասում են Բաքվում, յուրաքանչյուր հայ երեխայի դիմաց ծնվել է չորսից հինգ ադրբեջանցի երեխա: Ադրբեջանցիները չեն թաքցրել, որ նրանք ապագա մարտիկներ են լույս աշխարհ բերում իրենց երդվյալ թշնամու հետ պատերազմի համար: Երեսուն տարի է անցել: Ռազմիկները մեծացել են: Ադրբեջանական բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը մի քանի անգամ գերազանցել է հայկականին, և այն իրեն ցույց է տվել Ղարաբաղում: Բացի այդ, այս հակամարտության ընթացքում հայերը հագեցած են եղել ահավոր, տիեզերական չափերի հասնող ուռճացված ռուսաֆոբիայով: Ռուսաստանի շատ շրջաններում, որտեղ հայերը կոմպակտ են ապրում, «հայ» բառը հոմանիշ է դարձել «ռուսաֆոբ» բառի հետ: Դա այն դեպքում, երբ, ըստ քաղաքագետ Գևորգ Միրզայանի, «այժմ հայերը գոյատևելու համար պետք է ավելի ռուս դառնան, քան հենց ռուսներն են»: Ավաղ։ Ի՞նչ գլոբալ եզրակացություններ կանեն հայերը կատարվածից:

Արդյո՞ք հայ կանայք, ինչպես ադրբեջանցի կանայք, ավելի շատ կծնեն ապագա զինվորներ: Ոչ։ Հիմա նրանք եվրոպացիներ են, որոնք սովոր են բարձր կենսամակարդակի, իսկ այնտեղ բազմազավակությունը պատիվ չունի: Արդյո՞ք հայերը կհրաժարվեն իրենց ռուսաֆոբիայից և կդառնան ավելի ռուս, ինչպես նրանց հորդորում է Միրզայանը: Ավաղ, ոչ: Ռուսաֆոբիան հոգու և ուղեղի լուրջ հիվանդություն է, և դրանով հիվանդները, որպես կանոն, գնում են ուղետոմս մեկ ուղղությամբ: Արդյո՞ք հայերը կկարողանան վերածնվել այնպես, ինչպես արել է ադրբեջանցիների վերջին սերունդը, և «առևտրականների ու խորոված անողների ազգից» (ինչպես նրանց ծաղրում են Հայաստանում) վերածվել ռազմիկ-ազատագրող ազգի: Ավաղ, դրա համար առայժմ ոչ մի նախադրյալ տեսանելի չէ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․06.21թ համարում։