Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առցանց զրուցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչներ, ամերիկահայ փաստաբաններ Կարո Ղազարյանի և Գառնիկ Քերքոնյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք այն որոշ կրճատումներով

Որո՞նք են այն պարամետրերը, որոնց վրա պետք է կենտրոնանա հայ հասարակությունը՝ հաղթահարելու հետպատերազմյան ճգնաժամը, որն այսօր ունենք:

Երբ պատերազմը դադարեց և հրադադար հաստատվեց, իմ առաջին հայտարարություններից մեկում ես հստակորեն ասել էի, որ այս ծավալի պատերազմից, այդքան շատ երիտասարդ կյանքերի, ինչպես նաև տարածքների կորստից հետո զարգացած, նորմալ, ժողովրդավար երկրներում տրամաբանական է համարվում կառավարության հրաժարականը՝ գործնական ուղի բացելով դեպի ապագա: Նման բարդ, ցավոտ, զգացմունքային իրավիճակում ամենաճիշտ ճանապարհը հուզական քննարկումների հանդարտեցումն էր, և կառավարության հրաժարականը կհանգեցներ դրան: Կար դասական մոտեցում՝ պետք էր ձևավորել նոր կառավարություն, որը կարող էր լինել կամ ազգային համաձայնության կառավարություն, երբ հիմնական քաղաքական ուժերը համախմբվում են, կամ պրոֆեսիոնալ, որին որոշակի ժամանակ կհատկացվեր՝ լուծելու մեր առջև ծառացած տարատեսակ խնդիրները:

Շատ կարևոր է, որ մենք ընտրեինք նոր կառավարություն, որը, կրկնեմ, կլիներ կամ ազգային միասնության կամ ամբողջությամբ պրոֆեսիոնալ կառավարություն: Այստեղ ևս նախագահը գործիքներ չունի: Կառավարությունը և վարչապետը որոշեցին գնալ մեկ այլ ճանապարհով: Ես չէի կարող ստիպել նրանց, միակ գործիքը, որ ես ունեմ, իմ խոսքն է՝ փորձել համոզել, որ սա շատ ավելի լավ ճանապարհ է, քան այն, որ ընտրել են: Ժամանակավոր կառավարություն ձևավորելով՝ մենք մեկ տարվա ընթացքում կկարողանայինք փոխել երկու բան՝ Սահմանադրությունը և ընտրական օրենսգիրքը: Որպես երկրի նախագահ, որն այս Սահմանադրությամբ արդեն երեք տարի նախագահում է, որպես գիտնական, որպես պետական գործիչ կարող եմ հաստատել և ապացուցել, որ մեր Սահմանադրությունը պատշաճ չի աշխատում:

Պատերազմը չի ավարտվել: Շատ խնդիրներ մինչ օրս կան, այդ թվում՝ սահմանային լարվածությունը: Ոչ ոք չէր կարող երաշխավորել մարդկային և արժանապատիվ վարքագիծ մեր հարևան Ադրբեջանի կողմից: Ինչպես գիտեք, սահմաններում մեծ լարվածություն կա, և կառավարությունը պետք է հոգ տանի դրա մասին, քանի որ դա կառավարության անմիջական պատասխանատվությունն է: Այս Սահմանադրությամբ նախագահը որևէ իրատեսական գործիք չունի իր պարտավորությունները կատարելու համար: Անկեղծ ասած, գործիքների թիվը զրոյական է: Նախագահը պետք է պարզապես բառերով հիշեցնի կառավարությանը, որ պետք է հոգ տանել մեր երկրի ամբողջականության մասին:

Մեկ այլ խնդիր է գերիների վերադարձը: Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի գերիներին, իսկ ադրբեջանական կողմը պահում է մի քանի հարյուր գերի: Այս մի քանի հարյուրը մեծ թիվ է, որովհետև դու խոսում ես մի քանի հարյուր ընտանիքների մասին, որոնք այս օրերին ապրում են դժոխքում, նրանց տղաները կամ աղջիկները պատանդ են թշնամու մոտ: Այս հարցը պետք է լուծվի, պետք է օգտագործվեն ցանկացած քաղաքական կամ միջազգային գործիքներ, որպեսզի նրանք հետ բերվեն Հայաստան: Որպես Հանրապետության նախագահ, ես կրկին գործիքներ չունեմ և չեմ բանակցում ո՛չ ադրբեջանական և ո՛չ էլ ռուսական կողմերի հետ:

Սահմանադրությունը կոչվում է խորհրդարանական, բայց իրականում այն սուպերվարչապետության Սահմանադրություն է: Այսօր կյանքը մեզ բերել է մի կետի, երբ նույնիսկ վարչապետն է հանրայնորեն ընդունել, որ պետք է փոխենք այն: Ներկայիս ընդդիմության ներկայացուցիչները ևս ընդունում են, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Դրա համար կան շատ պատճառներ:

Այս Սահմանադրության համաձայն՝ մեկ անձն իր կուսակիցների հետ ձևավորում է խորհրդարանը, հետո այդ նույն անձը ձևավորում է կառավարությունը և դառնում է վարչապետ, այդ նույն անձը խորհրդարանի միջոցով ընտրում է հանրապետության նախագահին, այդ նույն անձը խորհրդարանի միջոցով ձևավորում է Սահմանադրական դատարանը, այդ նույն անձը խորհրդարանի միջոցով ձևավորում է իրավական համակարգը և դատարանները… Իսկ որտե՞ղ են հակակշիռներն ու զսպումները: Դրանք չկան: Տեսականորեն կապ չունի՝ դու նախագահակա՞ն, թե խորհրդարանական երկիր ես, եթե ունես հակակշիռներ և զսպումներ, այն կաշխատի:

Մենք հնարավորություն ունենք Հայաստանը ուժեղ դարձնել: Առաջին հերթին մենք պետք է գործենք որպես մեկ միասնական ազգ և պետություն:

Կարծում եմ, մենք հանրապետության առաջին օրվանից սխալ ճանապարհ ընտրեցինք: Ես նույն կարծիքին էի 1990-ականների սկզբին: Ես գիտեի, որ իմ տեսակետը տարբերվում է այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և շատ այլ գործընկերների կարծիքից: Սակայն ես մշտապես հավատացած եմ եղել, որ մեր երկիրն ունի մեկ առաջնահերթություն, մեկ ուժ, մեկ հպարտություն, որը կարող է օգտագործել՝ հայ ժողովուրդը: Մենք պետք է ողջ ուժը կենտրոնացնենք՝ ծառայելու ժողովրդին ու պետությանը:

Բանալին քո ուժն օգտագործելն է: Իսկ ո՞րն է մեր ուժը: Մեր իսկական արժեքը մեր ժողովուրդն է, ողջ աշխարհով սփռված տաղանդավոր մարդիկ, ովքեր աշխատելով տարբեր հասարակություններում ու մշակութային միջավայրերում՝ ունեն կուտակած մեծ գիտելիքներ: Սա մեծ արժեք է: Եթե ես լինեի գործադիր նախագահ, առաջին բաներից մեկը, որ կանեի, կփոխեի Սահմանադրությունը՝ վերացնելու բոլոր արգելքները, քանի որ «բեռլինյան պատ» ենք կառուցել Սփյուռքի և Հայաստանի միջև: Դու կարող ես գալ Հայաստան, գումար տալ, բարեգործություն կամ ներդրում անել, սակայն չես կարող մտածել քաղաքականության մեջ ազդեցություն գործելու մասին: Պետք է կոտրել այս կարծրատիպն ու կառուցել հասարակություն, որտեղ ներգրավված է ողջ հայ ժողովուրդը: Մենք այսօր բացարձակապես չենք օգտագործում մեր ուժը: Մենք նման ենք Ծոցի մի պետության, որը որոշել է, որ չի օգտագործելու նավթի իր հսկայական պաշարները:

Պետք է լինի մի կամուրջ, որը կմիավորի Հայաստանն ու Արցախը, խոսքը միայն Լաչինի միջանցքի մասին չէ, այլ իրական կամրջի: Որպես նախագահ, որպես պետական գործիչ, բանակցությունների վարպետ, Դուք պետք է որ լուծում ունենաք սրա համար: Ո՞րն է դա:

Մեկ բառով՝ լուծումը «Չորրորդ Հանրապետությունն է»: Ես այս մասին հոդված եմ գրել, որի էությունը համառոտ հետևյալն է. Երրորդ հանրապետությունում շատ բաներ ճիշտ ենք արել, հաղթել ենք պատերազմում, պետություն ենք կառուցել, սակայն պետք է ընդունենք, որ շատ սխալ բաներ ևս արել ենք, և այդ ցանկը մեծ է:

Մենք տարիներ շարունակ ապրել ենք մի աշխարհում, որտեղ շարունակ ձևացրել ենք: Ձևացրել ենք, թե Հայաստանն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ: Սակայն ձեզ ասում եմ որպես ՏՏ մասնագետ՝ մենք ՏՏ երկիր չենք: Այդ ոլորտում մասնագետների թիվը մեզ մոտ 6-10 հազար է: Սակայն մենք ձևացնում ենք և հավատում, թե ՏՏ երկիր ենք: Իհարկե, մենք ունենք ֆանտաստիկ դպրոցներ, սակայն դրանք միայն կղզյակներ են:

Ես հպարտ կլինեի, եթե սահմանին բնակվող երեխան կարողանար նույն կրթությունն ստանալ, ինչ Երևանում: Իսկ տաղանդավոր երեխաներ ծնվում են ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև ամենուր, և պետք է գտնել այդ երեխաներին, բացահայտել նրանց տաղանդը, իսկ դրա համար անհրաժեշտ է բարձրորակ կրթություն:

Մենք հաղթեցինք պատերազմում տարիներ առաջ, քանի որ մի քանի տարով առաջ էինք Ադրբեջանից, կարողացել էինք պրոֆեսիոնալ հայ զինվորականների շնորհիվ կազմել պրոֆեսիոնալ բանակ:

Երբ դարձա նախագահ, շարունակ կրկնում էի, որ մենք ոչ նորմալ կյանքով ենք ապրում, Հայաստանի բնակչության ավելի քան կեսը բնակվում է Երևանում: Սա սարսափելի է, սակայն սա այն է, ինչ մենք ունենք:

3 տարի է ես կրկնում եմ՝ հնարավո՞ր է պատկերացնել, որ 2018-ին, երբ ես դարձա նախագահ, Արցախի այցելուների թիվը 13 հազար էր: Եվ սա այն Արցախն է, որի համար կռվել էինք ու կյանքեր կորցրել: Եվ սա միայն Արցախին չի վերաբերում, նույնը նաև Գյումրիի, Գորիսի դեպքում է: Ինչպե՞ս էինք մտածում պահել Արցախը, եթե 1994 թվականի պաշտոնական տվյալներով բնակիչների թիվը 140 հազար էր, իսկ 2020-ին՝ 120 հազար: Մինչդեռ այդ թիվը պետք է եռապատկվեր:

Այնքան շատ բաներ կան, որոնք պետք է ճիշտ անել, և եթե ճիշտ անենք, կհասնենք Չորրորդ հանրապետություն:

Մինչև այս հարցազրույցը, երբ ինձ գրեցիք քննարկվող թեմաների մասին, ես թղթին հանձնեցի իմ որոշ մտքերը, թույլ տվեք ընթերցել մի հատված.
«Մենք պետք է ունենանք ազգային գաղափարախոսություն՝ ո՞ւր ենք գնալու, ինչի՞ ենք հասնելու, ի՞նչ տեսակ երկիր ենք ունենալու: Այդ գաղափարախոսությունը պետք է վերածվի տեսլականի, տեսլականը՝ ռազմավարության, իսկ ռազմավարությունը՝ գործողությունների ծրագրի: Շատ կարևոր է ճանաչել, ընդունել կամ վերասահմանել ազգային գաղափարախոսությունը՝ ո՞վ ենք մենք աշխարհում:

Պետք է քաջություն ունենանք ընդունել սեփական սխալները, թուլությունները, լինել ռացիոնալ ու պատասխանատու՝ ընդունելու իրականությունը, չապրելու երազանքների աշխարհում: Լինել ավելի լավը՝ թե՛ հավաքական կերպով, թե՛ անհատապես: Ողջ աշխարհի հայերը պետք է միասնական լինեն: Իսկ դա հնարավոր է ամուր տեսլականի, քրտնաջան աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի ու պատասխանատվության միջոցով: Պետք է լինի սեր մեր Հայրենիքի, մեկս մյուսի և մեր առաքելության նկատմամբ, լինի կամք՝ համագործակցելու և սովորելու, լինի նվիրում և կարգապահություն: Այս ամենն անհրաժեշտ է նոր՝ Չորրորդ հանրապետություն կառուցելու համար՝ անգամ զրոյից»:

Եթե մենք շարունակելու ենք ապրել այնպես, ինչպես արել ենք մինչև հիմա, հաջողության չենք հասնի: Չենք պաշտպանի Արցախը, Հայաստանը, մեր երկիրը, պետությունը չենք ամրացնի: Մենք ունենք հնարավորություն, քանի որ 21-րդ դարում աշխարհում բնական ռեսուրսները երկրորդական են լինելու: Այժմ կարևոր է անհատի ուժը: Խելացի պետություններն օգտագործում են իրենց ուժը՝ մարդկային ներուժն ուժեղացնելու համար: Մեր ժողովուրդը չի կարող ապրել առանց առաքելության: Մենք պետք է ունենանք առաքելություն: Եվ Չորրորդ հանրապետությունը կարող է դառնալ գործիք՝ դարձնելու այդ առաքելությունն իրականություն: Եվ այդ առաքելության մեջ շատ կարևոր է լինել բացարձակ ժամանակակից: Այսօր ուժն արհեստական բանականությունն է, տեխնոլոգիաները:

Ես ունեմ նախագահական նախաձեռնություն, որը կոչվում է ATOM: Դրա շրջանակում փորձում եմ օգնել զարգացնելու նոր տեխնոլոգիաները՝ մասնավորապես արհեստական բանականության ոլորտում: Մենք համաձայնություն ենք ձեռք բերել շատ ընկերությունների հետ, այդ թվում և առաջատար ֆրանսիական, ամերիկյան ընկերությունների հետ, շուրջ 15 ընկերությունների հետ նախաստորագրված են համաձայնագրեր: Սա վաղը հաղթանակ տանելու ճանապարհն է: Մենք պետք է նաև ներդրում անենք կենսատեխնոլոգիաների մեջ:

Պետք է նայենք իրականությանը, ընդունենք այն, շատ աշխատենք՝ հասնելու նրան, ինչին ձգտում ենք:

Չորրորդ հանրապետության առաքելությունը ո՞րն է…

Դու չես կարող Չորրորդ հանրապետություն ունենալ, որը հիմնականում կենտրոնանում է միայն ներքին հարցերի վրա: Ցավոք, Երրորդ հանրապետության ընթացքում մենք մեծամասամբ կենտրոնացել ենք միայն մեր ներքին խնդիրների վրա՝ բաժանելով մեզ նույնիսկ Սփյուռքից:

Այսօր մարդիկ զբաղված են ընտրություններով, հուսով եմ, որ այն որոշակի կայունություն և երկրի ապագայի նկատմամբ հստակություն կբերի, որ հունիսի 21-ին կլուծի մեր խնդիրները: Որպես նախագահ անելու եմ ամեն ինչ, օգտագործելու եմ իմ հիմնական գործիքները, որոնք իմ խոսքերն են (որովհետև այլ գործիքներ չունեմ), որ երկիրն ունենա շատ ավելի մարդկային, կայուն, առանց քաղաքացիական ընդհարումների և շատ այլ անախորժությունների ընտրություններ:

Երրորդ հանրապետությունն ընդհանուր առմամբ կառուցել է փակ հասարակություն՝ փակվելով Սփյուռքից, մյուսներից: Մենք ունենք դիվանագիտություն, լավ հարաբերություններ շատ երկրների հետ: Սակայն այն, ինչ մեզ պետք է ամբողջությամբ, վեր է դիվանագիտությունից, բոլորովին տարբեր մասշտաբ է, որովհետև այս աշխարհն է ուրիշ:

Աշխարհը փոխվել է, և այս նոր աշխարհում գաղափարը, գիտական բացահայտումը, տեխնոլոգիաները գերիշխելու են: Դրանք գերիշխելու են նաև դիվանագիտության մեջ: Հայաստանը պետք է շատ ավելի եռանդուն լինի իր դիվանագիտության մեջ: Այդ դիվանագիտությունը պետք է հիմնված լինի մեր ինքնության, մեր տեսլականի, մեր առաքելության վրա և օգտագործի ամբողջ ազգի, առաջին հերթին Սփյուռքի ներուժը, ինչը մենք չենք անում: Մենք պետք է բոլորովին տարբեր մոտեցումներ ունենանք: Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է: Դու պետք է տասն անգամ ավելի շատ աշխատես, որպեսզի այդ բարեկամությունը պահես: Սա նման է ծառի, եթե չջրես, կչորանա: Մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները աշխարհի խոշորագույն տերությունների հետ, Արեւմուտքի եւ Արեւելքի մեր բարեկամ երկրների հետ: Մենք պետք է սերտ համագործակցենք նաև Ծոցի երկրների հետ: Ես անձամբ օգտագործում եմ իմ կապերը Ծոցի երկրների հետ, իմ երկրի համար: Մենք հստակ քաղաքականություն չունենք, թե որտեղ է Հայաստանը Ծոցում, և ինչ կարող է Ծոցն անել Հայաստանի համար:

Շատ կարևոր է վերասահմանել մեր քաղաքականությունը, մեր դիվանագիտությունը: Դա անելու համար դու պետք է կրկին սահմանես, թե որն է քո ինքնությունը, առաքելությունը, ռազմավարությունը, ինչի ենք ուզում հասնել 30 տարի հետո: Եթե մենք սա չսահմանենք, մենք ոչ մի տեղ չենք գնա: Մեր ազգը չի կարող ապրել առանց առաքելության: Չորրորդ հանրապետությունը կարող է դառնալ գործիք՝ այդ առաքելությունն իրագործելու համար:

Վաղվա և նույնիսկ այսօրվա ուժը արհեստական բանականությունը, տեխնոլոգիաներն են: Մենք պետք է լինենք ժամանակակից, Հայաստանը դարձնենք արհեստական բանականության կենտրոն: Սա է վաղվա հաղթանակի ճանապարհը. պետք է նայենք իրականությանը, ընդունենք այն և քրտնաջան աշխատենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի:

Ի՞նչ եք կարծում, կարող ենք մենք այսօր լուծել Սյունիքի խնդիրները: Եվ արդյո՞ք Դուք լավատես եք

Ես այսօր էլ հավատում եմ, եթե ունես ամուր, ուժեղ կառավարություն, կարող ես պաշտպանել Սյունիքն ու լուծել խնդիրները: Ուժ ասելով՝ նկատի չունեմ միայն բանակը: Բանակի ամրությունը վերականգնելու համար մեզ տարիներ կպահանջվեն:

Երկրորդը՝ պետք է ամուր, ուժեղ ձայն ունենալ, երբ բանակցում ես ներկա իրավիճակի շուրջ: Մենք փոքր-ինչ այլ դիվանագիտության կարիք ունենք այստեղ: Պետք է վերասահմանենք մեր դիվանագիտական միջոցներն ու ձայնի ամրությունը, հասկանանք, թե ինչպես պետք է այս ամենն անել: Եվ ես սա հնարավոր եմ համարում:

Պետք է նայենք իրականությանը, տեսնենք, թե որքանով ենք ուժեղ, որոնք են մեր թուլությունները, ինչ պետք է անենք՝ իսկապես ուժեղ պետություն դառնալու համար: Այլապես կխաբենք ինքներս մեզ: Իսկ դա հնարավոր վատագույն բանն է, որ կարելի է անել՝ ստել:

Ես մեծ ներուժ եմ տեսնում, որ ունենք՝ կառուցելու 21-րդ դարի հզոր պետություն, որը կենտրոնանում է ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա: Անցյալի բոլոր խնդիրները կլուծվեն, եթե ապագայում ուժեղ ներկայություն ունենանք: Ես հավատում եմ, որ մեր ազգը կարող է կառուցել ուժեղ Հայաստան, որն էլ կպաշտպանի ոչ միայն ինքն իրեն ու Արցախը, այլև ողջ Սփյուռքի իրավունքները:

Ես տեսնում եմ այդ ներուժը և այստեղ եմ քրտնաջան աշխատելու համար:

Ինձ համար ցավալի է գիտակցել, որ օգտագործում եմ իմ կարողությունների առավելագույնը 5-10 տոկոսը: Ես կարող էի անել շատ ավելին՝ այդ թվում և դիվանագիտության տեսանկյունից: Սա, իհարկե, վատատեսություն չի ավելացնում իմ լավատեսությանը, ես շարունակում եմ լավատես մնալ, քանի որ հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել Չորրորդ հանրապետությունը: