Հունիսի 7-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը. Իշխող կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում երեկ հայտարարեց, որ եթե պետք լինի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հունիսի 21-ին կհավաքվի Հանրապետության հրապարակում, և բոլորին հատ-հատ դուելի կկանչի. «Կասի՝ եկեք, դուել էիք ուզո՞ւմ՝ եկեք՝ տեսնենք ձեր դուելը»: Այսօր էլ Թալինում Փաշինյանը կոչ արեց պատրաստվել քաղաքացիական վրեժի:

168.am-ը ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանից հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանը սպառնում է քաղաքացիական պատերազմո՞վ, այդ ճանապարհո՞վ է հեռանալու իշխանությունից:

Ի պատասխան՝ Արթուր Համբարձումյանը նախ հիշեցրեց 2020թ. նոյեմբերին Փաշինյանի արած մեկ այլ հայտարարություն.

«Նոյեմբեր ամսին, երբ նոր էր դուրս եկել բունկերից, մի այսպիսի հետաքրքիր հայտարարություն արեց՝ ասելով, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, և դրանց արդյունքները լինեն հավաստի, ինքը կընդունի այդ արտահերթ ընտրությունների արդյունքները: Ի՞նչ էր սրանով ուզում ասել Փաշինյանը. Նա ուզում էր ասել, որ արտահերթ ընտրությունների ցանկացած արդյունք, որն իրեն ձեռք չի տալիս, հավաստի չէ, հետևապես, ինքը ընդունելու է բոլոր այն արդյունքները, որտեղ ինքը հաղթած է, բոլոր մնացած դեպքերում, երբ ինքը պարտված է, այդ արդյունքները չի ընդունելու: Իսկ մի քանի օր առաջ Արմավիրում նա հայտարարեց, որ՝ ժողովուրդ, քաղաքացիական պատերազմ չի լինի, քանի որ դուք ընտրելու եք ժողովրդի իշխանությունը: Սրանով նա նկատի ունի այն, որ ժողովուրդը ինքն է, ինքն իրեն նույնականացնում է ժողովրդի և պետության հետ, և ասում է՝ վստահ է, որ ժողովուրդն ընտրելու է ժողովրդի իշխանությանը, որը ինքն է, և դրա համար քաղաքացիական պատերազմ չի լինելու: Բոլոր մնացած դեպքերում, երբ ժողովուրդն ընտրի այլ իշխանությունների, լինելու են քաղաքացիական բախումներ և հրահրելու է քաղաքացիական պատերազմ: Իմ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ Փաշինյանը իշխանությունը ավելի շուտ Ալիևին կհանձնի, քան կհանձնի իր հակառակորդներին»:

Անդրադառնալով վենդետաների մասին Փաշինյանի հայտարարություններին, Արթուր Համբարձումյանը նշեց, որ վենդետան արյան վրեժն է.

«Ինքը հիմա ամենաշատը վախենում է վենդետայից: Այսինքն՝ ստացվում է, որ հազարավոր տղաների արյան հիմնական պատասխանատուն Փաշինյան Նիկոլն է, և ինքն ուրիշներին սպառնում է վենդետայով: Միակ մարդը, ում հանդեպ ՀՀ-ում վենդետա է լինելու, դա Փաշինյան Նիկոլն է ու նրա թիմը: Հետո, ինքն ասում է, որ վենդետա ասելով՝ նկատի ունի քաղաքական վենդետաներ. դա երևի նրանից է, որ այդ մարդը կա՛մ խմած է, կա՛մ ինչ-որ միջոցների ազդեցության տակ է, կա՛մ խոսում է՝ հետո է մտածում, որովհետև վենդետան արյան վրեժն է, որը լուծում են այն մարդուց, ով պատասխանատու է իր հարազատի մահվան համար»:

Ինչ վերաբերում է Փաշինյանին աջակցող հասարակության ստորին շերտին, նա հետևյալն ասաց. «Ամենացածր խավի՝ ժեխի սիմպատիան դեպի Նիկոլ Փաշինյանը գիտությունը բացատրել է, դա կոչվում է ստոկհոլմյան սինդրոմ»:

Ամփոփելով զրույցը՝ Արթուր Համբարձումյանն ընդգծեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, գնալու է արյունահեղության. Նա իշխանությունը այդպես չի հանձնելու, նա դրա մասին բաց խոսում էր դեռ նոյեմբեր ամսից: Ասա՞ց, որ պարտությունը կեղծվել է, պատերազմի արդյունքները նախկինների մեղավորությունն էր, հիմա էլ ելնելու է՝ ասի՝ ժողովուրդ ջան, ես եմ հաղթել, նախկինները ընտրությունների արդյունքները կեղծեցին»: