Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել են լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի քրեական գործով լսումները։ Ադրբեջանցի դատախազը պահանջել է 20 տարով ազատազրկել Արցախյան վերջին պատերազմի մասնակից, լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին: Նա եղադրվում է Ադրբեջանի դեմ «ահաբեկչական գործողությունների» իրականացնելու համար, և ներկայացվել է որպես «վարձկան»: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նիստի ժամանակ Էուլջեքջյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ գործն ուղարկելու նախաքննության փուլ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը:

Ադրբեջանը պնդում է, որ 1979 թ. ծնված, Բեյրութի բնակիչ Վիգեն Էուլջեքջյանը 2500 դոլարի դիմաց համաձայնել է մասնակցել 2020-ի աշնանն Արցախում վերսկսված ռազմական գործողություններին: Լիբանանահային մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3 (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), 214.2.1 (մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցագործի կողմից նախնական դավադրության միջոցով կազմակերպված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների ապօրինի հատում) և ՔՕ այլ հոդվածներով: Դատարանի որոշմամբ`խափանման միջոց է ընտրվել կալանքը: