ՀԱԿ-ի ծրագիրը քաղաքական իրատեսությունն է, որովհետև մենք գիտենք, որ բոլոր հաղթանակները ձեռք են բերվում միայն եթե պետական քաղաքականությունը խարսխված է իրատեսական հաշվարկների վրա։ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Հաշվի են առնվում և՛ երկրի ռեսուրսները, և՛ նրա շուրջ ստեղծված իրավիճակը, և՛ միջազգային նորմերը և քաղաքականությունը կառուցում է համաձայն այդ իրավիճակների։ Մեր պետությունը պարտվում է այն ժամանակ, երբ շեղվում է այս ճիշտ ճանապարհից, երբ բռնում է արկածախնդրության ճանապարհը, երբ սկսում ենք աշխարհից պահանջել շատ ավելին, քան աշխարհը կարող է տալ»,-ասաց Լևոն Զուրաբյանը։

Վերջինիս խոսքով 44-օրյա պատերազմն արկածախնդրության հետևանք էր, և նրա հետևանքն էր, որ Հայաստանը շեղվեց ճիշտ ճանապարհից 1998 թվականին։

«Այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, հնարավոր չէ շտկել ստանդարտ ընտրական ծրագրերով, կառավարման տարբեր ոլորտների ծրագրերով, հետևաբար այն, ինչ ուզում ենք առաջարկել, սովորական, հերթական ծրագիր չէ։ Այն ծրագիրը, որն ուզում ենք ներկայացնել, դա հատուկ գործողություն է մեր պետության փրկության համար»,-ասաց Լևոն Զուրաբյանը։