Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշամբ այսօր երեք փոխմարզպետ է նշանակվել։ Մասնավորապես Տիգրան Եղիազարյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ, Ռուբիկ Նավոյանը՝  Գեղարքունիքի փոխմարզպետ, իսկ Դավիթ Սարգսյանին  Փաշինյանը նշանակել է  Վայոց ձորի մարզպետի տեղակալ։ Վերջինս Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հարազատ եղբայրն է։ Տրտադ Սարգսյանը անունը հիշեցնենք կապվում էր Եղեգնաձորում փոխնգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու մեջ։ Դեպքը տեղի էր ունեցել 2019 թվականի աշնանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պաշտպանության նախարարության սպան ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։ 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։

Իրավապահները հայտնել էին, որ միջադեպին նախկին  մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ստուգելու նպատակով առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները: Տրդատ Սարգսյանը «չոր ատկազ» էր եկել, սակայն միջադեպից երկու օր անց հայտարարել էր իր հրաժարականի մասին։

Տրդատ Սարգսյանն իհարկե անգործ չմնաց։ Նա  նշանակվեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։

Ի դեպ, Տրդատ Սարգսյանի անունը Վայոց ձորի մարզպետ նշանակվելուց հետո այլ աղմկահարույց հիշատակումներ էլ է ունեցել։ Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, հիշեցնենք, նրան մեղադրել էր անգործության, չարաշահումների վրա աչք փակելու, վարչական ռեսուրս կիրառելու և կոռուպցիոն գործելաոճով հայտնի համայնքապետերի հետ համագործակցելու համար:

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Տրդատ Սարգսյանի եղբորը՝ Դավիթ Սարգսյանին Վայոց Ձորի փոխմարզպետ նշանակելու Փաշինյանի որոշումն առաջացրել է մարզի բնակիչներից շատերի վրդովմունքն ու դժգոհությունը, որը նրանք պատրաստվում են բարձրացնել նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանականների՝ մարզ այցի ընթացքում։

Irakanum.am