Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղին զրկել է միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, դա մի ձևակերպում ունի՝ դավաճանություն: Ռոբերտ Քոչարյանին մենք այսօր մեղադրում ենք 1998թ-ի ընդդեմ Ղարաբաղի դավաճանություն գործելու մեջ: 1999թ-ի Ռոբերտ Քոչարյանը փորձել է Մեղրին տալ Ադրբեջանին: Վերջին ամիսներին դուք տեսաք՝ ի՞նչ հիստերիա են նրանք բարձրացնում, թե իբր ես Մեղրին ուզում եմ տալ Ադրբեջանին, միչդեռ հենց իրենք են Մեղրին Ադրբեջանին տալու փորձ արել: Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և վստահեցրեց, որ իր վարչապետության օրոք բանակցային գործընթացը որևէ նման կոմպոնենտով չի ավելացել.

«Իմ վարչապետության օրոք բանակցային գործընթացը այսպիսի որևէ կոմպոնենտով չի հարստացել, ամեն ինչ եկել է նախկիններից, ինչ-որ խոսել են, դարձել է բանակցային բովանդակություն: Այսօր փորձում են ցույց տալ, թե մեր կառավարությունն է եկել և Ղազախի շրջանի անկլավների հարցը բերել օրակարգ, դուք տեսաք, որ 1999թ-ին Ռոբերտ Քոչարյանն է այդ հարցը բերել օրակարգ և դա արձանագրված է փաստաթղթային ձևով, այսօր հանրապետականներն անկլավների հարց են բարձրացնում, գնում են Տիգրանաշեն գյուղից լացակումած ելույթներ են ունենում, միչդեռ թող իրենք ուրիշ հարցի պատասխանեն՝ 2011-2013թթ-ին Սերժ Սարգսյանի կառավարությունը նախագծել է հյուսիս-հարավ ավտոճանապարհը, և այդ ավտոճանապարհի նախագիծը գնացել հասել է Արտաշատ, հետո ոչ թե շարունակվել է Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն, այլ Արտաշատից մտել է Վեդի, Վեդիից՝ Ուրցաձոր, Ուրցաձորից բարձրացել է Զանգակատուն, գիտեք ինչու համար է դա արվել, որպեսզի այդ ճանապարհը Տիգրանաշենով չանցնի: Այն ինչ-որ այսօր կա, այն խայտառակ բովանդակության արդյունք է, որ նրանք թողել են ժառանգություն, իսկ մենք փորձել են դիմադրել, որ այդ աղետը տեղի չունենա»-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ներկայացրեց պատերազմում զոհվածների պաշտոնապես հաստատված թիվը, որն իր խոսքով, 3700 -ի մոտ թիվ է.

« Այսօր իրենք կանգնում ասում են՝ Նիկոլը տարավ 5000 մարդու կոտորեց: Որևէ մեկը կարող է ասել՝ ինչո՞ւ են ասում՝5000,7000, դա նրանց ցանկությունն է, զոհի թիվ ավելացնելը ո՞րն է: Նրանք դարձել են Ադրբեջանի իշխանության փաստաբանը, Ադրբեջանը կարող է ասել՝ իրենք են կոտորել մեզ, իրենք են պատերազմ կսկսել, պատերազմական հանցագործություններ արել: Այդ մարդիկ 2021թ-ին դարձել են Ադրբեջանի իշխանության փաստաբանը, նրանք ուզում են ասել՝ Ադերբեջանի իշխանությունը մեր զինվորներին չի կոտորել, մենք են կոտորել մեր զինվորներին, մինչդեռ մենք փորձել ենք իրենց թողած խայտառակ բանակցային գործընթացից փրկել մեր հայրենիքը: Նրանք պատերազմի ժամանակ զանգում էին գեներալներին և ասում՝ ինչո՞ւ եք կռվում, հետ եկեք, Երևանում կռվեք, և նրանք շարունակում են իրենց ջանքերը՝ պատերազմը տեղափոխել ՀՀ տարածք, բայց մենք իրար հետ չպետք է թույլ տանք դա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: