Մինչեւ 2042 թվականը Օղակաձեւ զբոսայգու առաջին գոտու ամենամեծ տարածքի  վարձակալ «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության համահիմնադիր Գարեգին Նուշիկյանն իրեն համարում է բարեխիղճ վարձակալ: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ այգու իրենց վարձակալած հատվածում քաշել են ոռոգման համակարգ, տեղադրել են շատրվաններ, նստարաններ, տնկվել են ծառեր, խոտեր ու ծաղիկներ, ապահովվել է լուսավորությունը, իրականացվում են մաքրման աշխատանքները:

Անցած տարվանից սակայն չի ջրամատակարարվում ավազանը ու այն լցված է աղբով, պարոն Նուշիկյանից հետաքրքրվեցինք՝ ձեր պարտավորությունների մեջ չի՞ մտնում ջրամատակարարման ապահովումը, ի պատասխան ասաց. «Ինչի՞ պարտավորություն ունենք,  Սեւանա լճից ջուր քաշե՞նք, բերենք, լցնենք ավազա՞նը, ջրի հարցը մենք ապահովե՞նք, ոռոգման համակարգը որտեղի՞ց պետք  է բերենք: Ես նույնիսկ իրենց առջեւ դրեցի, որ հրաժարվում եմ այդ պայմանագրից, հրաժարվում եմ ու վերջ, ի՞նչ եք անելու այդ ավազանը, ոռոգման համակարգը, ինչ եք անելու, լավ, պետական այգի է, քաղաքի կենտրոնում գտնբվող ավազան է, լավ մենք ենք ու չկանք, միջոցներ պետք է ձեռնարկե՞ք, թե՝ ոչ: Առաջին՝ մենք ոչ մի բան էլ պարտավոր չենք, երկրորդն էլ, եթե որոշակի մասով պարտավոր ենք, մեր պարտավորություններն իրականացնում ենք» :

Գարեգին Նուշիկյանի խոսքով, 2020 թվականի սկզբներից է  ավազանի  ջրամատակարարման  խնդիրն առաջացել, ըստ նրա՝ թե այգու ոռոգման համակարգը, թե ավազանի ջրամատակարարումը տեղի էր ունենում մետրոպոլիտենի  ջրահեռացման համակարգից. «Խորհրդային տարիներից մետրոպոլիտենի  ջրից պոմպի միջոցով օգտվում էր թե՛, այգին, թե՛ ավազանը: Տարիներ առեաջ մետրոոպլիտենը կառուցեց ջրահեռացման ներքին համակարգ եւ այդ պոմպի անհրաժեշտությունը չունեցան. անցած տարի այդ պոմպն էլ խափանվեց, անհետացավ, քանդեցին, թե իրենց պետք չէր, չիմացանք, պոմպն ու խողովակները չկան, որոնք դուրս էին մղում մետրոպոլիտենի ջուրը: Բազմիցս դիմել ենք Երեւանի քաղաքապետարանին, որ լուծվի ոռոգման համակարգի հարցը» :

Գարեգին Նուշիկյանը նաեւ ասաց, որ իրենց ընկերությունը սեփական միջոցներով պոմպ է գնել եւ ավազանի ջրամատակարարման խնդիրը առաջիկա օրերին կլուծվի:

Հիշեցնենք, որ Օղակաձև զբոսայգու առաջին գոտու ամենամեծ տարածքը 2017 թվականից մինչեւ 2042 թվականի տարեվերջ հատկացվել է «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին՝ որպես սրճարան, տաղավար, բարեկարգման և կանաչապատման տարածք։ Սակայն Նուշիկյանների «խնամքին » հանձնված  բոլորիս հայտնի Պոպլովոկ այգին (օղակաձեւ այգին) Առագաստ սրճարանի ճիշտ դիմաց ընկած ավազանով, այսօր անմխիթար վիճակում է,  ավազանը ցամաքած է, աղբով լեցուն: Ամեն դեպքում Գարեգին Նուշիկյանը վստահեցրել է, որ խնդիրը կարճ ժամկետում լուծում կստանա։

Irakanum.am