Հայաստանում այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Չնայած մինչ այդ էլ գրեթե բոլոր քաղաքական ուժերը հանդիպումներ էին ունենում քաղաքացիների հետ։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն այս օրերին տարբեր մարզերում ու քաղաքներում չարաշահելով վարչական ռեսուրսը քարոզարշավ էր իրականացնում։

Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչեւ  հունիսի 18-ը։ Հունիսի 19-ը կլինի «լռության օր»` առանց քարոզչության ու քաղաքական հայտարարությունների։ Իսկ արդեն հունիսի 20-ին տեղի կունենան բուն ընտրությունները:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են ռեկորդային թվով քաղաքական ուժեր` 22 կուսակցություն և 4 դաշինք: Նրանց ցուցակը ներկայացնում ենք ըստ քվեաթերթիկների հերթականության.

1. «Արդար Հայաստան» կուսակցություն
2. Հայ ազգային կոնգրես կուսակցություն
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. «Ազատություն» կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. «Միացյալ հայրենիք» կուսակցություն
8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն
13. «Ազատ հայրենիքը» դաշինք
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15. Հայաստանի ժողովրդավարական կուսակցություն
16. «Ազգային պահպանողական շարժում 5165» կուսակցություն
17. «Քաղաքացու ընտրություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
18. «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
20. «Վերելք» կուսակցություն
21. Ազատական կուսակցություն
22. «Հայոց արծիվներ — Միացյալ Հայաստան» կուսակցություն
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն
24. «Հայաստան» դաշինք
25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Ընտրությունների մասնակցող որոշ քաղաքական ուժեր արդեն հայտարարել են, թե ինչպես են պատրաստվում սկսել իրենց պաշտոնական քարոզարշավը։

«Լուսավոր Հայաստանի» նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հունիսի 6-ին հայտարարեց, որ քարոզարշավի մեկնարկը կհայտարարեն վաղը 11։00–ին Երևանում, Թամանյանի արձանի մոտից։ Միաժամանակ, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը Facebook-ում գրել էր, որ քարոզարշավը կսկսեն ամենահեռավոր` Ագարակ համայնքից։

«Հայաստան» դաշինքը ևս արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հունիսի 7-ին կլինեն Սյունիքի մարզում, որտեղ կհանդիպեն քաղաքացիների հետ։

Վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ քարոզարշավը կսկսի Էջմիածին քաղաքից, ժամը 11:30-ին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կազդարարի ժամը 12:00-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսով, որտեղ կներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը, քարոզարշավի ռազմավարությունն ու անելիքները:

Հայ ազգային կոնգրեսը նախընտրական ծրագրի շնորհանդեսը կանցկացվի ժամը 16:00-ին, Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում։

Նշենք, որ նշված 26 քաղաքական ուժերը պայքարում են պաշտոնական տվյալներում Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։ Իսկ ընտրողների ցուցակներում հնարավոր անճշտությունները շտկելու, ինչպես նաև` բնակության նոր վայրում քվեարկությանը մասնակցելու նպատակով գրանցվելու համար քաղաքացիները կարող են դիմել ոստիկանություն մինչև հունիսի 10-ը: