48-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել որովայնի չափերի մեծացման գանգատով: Խնդիրն ի հայտ էր եկել մի քանի տարվա ընթացքում: Չունենալով այլ գանգատներ կամ ախտանշաններ՝ կինը որովայնի չափերի մեծացումը կապել էր քաշի ավելացման հետ:

Այս մասին տեղեկացնում են Էրեբունի հիվանդանոցից։

Առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը, իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, այդ թվում՝ սոնոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, լաբորատոր հետազոտություններ:

Արդյունքում ախտորոշվել է գիգանտ միոմա: Անդրանիկ Պողոսյանը հրավիրվել է տարբեր նեղ-մասնագետների խորհրդակցություն՝ գտնելու բուժման մարտավարությունը: Որոշվել է կատարել վիրահատություն՝ հեռացնել ուռուցքը: Մինչ վիրահատությունը քննարկվել են հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման միջանտության ընթացքում:

Կատարվել է երկայնաձիգ լապարոտոմիա, արգանդի էքստերպացիա՝ հավելումներով: Միոմայի նման չափերն առաջացրել էր նաև պորտային ճողվածք: Գինեկոլոգիական վիրահատության ավարտին կատարվել է նաև ճողվածքահատում։ Վիրահատական երկու միջամտություններն էլ անցել են բարեհաջող, առանց խնդիրների, հիվանդն արդեն ապաքինմամբ դուրս է գրվել: