«Մի քանի օր առաջ Արցախում էի՝ արնահոսող, խոցված, մոռացված, բայց մեր սիրված հարազատ Արցախում»,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, ապա հավելեց, որ վերջերս դեպի Արցախ կատարած այցը իր կյանքի ամենադժվար ճանապարհն էր, ամենածանր զրույցները, ամենահուզական այցելությունները։

«Ոչ մի վատ երազ կամ չար կատակ չի կարող ամբողջությամբ ներկայացնել այն մղձավանջը, որում ապրում ենք մենք և մեր հայրենակիցները։ Շուշիի կողքով անցնող ճանապարհը, որ յուրաքանչյուր հայի համար հպարտության և փառքի ճանապարհ էր, այսօր դարձել է վշտի, ցավի և ցասումի ճանապարհ։ Ուզում եմ ուղիղ հարցնել այս դավաճան կապիտուլյանտին, դո՛ւ նամուս ունե՞ս, դո՛ւ թասիբ ունե՞ս, դո՛ւ պատիվ ունե՞ս․․․ Դո՛ւ, որ հայրենի հողի համար իր կյանքը զոհած հերոսներին զրկել ես անգամ հայրենի հողում հավերժ ննջելու հնարավորությունից, դո՛ւ, որ կործանել ես մի ամբողջ սերունդ, մի ամբողջ պետություն և մի ամբողջ երազանք»,- ասաց Վանեցյանը։

Դիմելով ներկաներին՝ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հունիսի 20-ը հայ ազգի համար նոր փորձությունն է, և, որ այս ընտրությունները Հայաստանի լինել չլինելու մասին են․

«Ես համոզված եմ, որևէ կասկած չունեմ, որ այն միասին և արժանապատվորեն հաղթահարելու ենք: Հայրենիքը հարատևելու է, Հայկը կրկին հաղթելու է Բելին, և հայը նոր դյուցազնավեպեր է գրելու իր հավերժի ճանապարհին։ Պատի՛վ ունեմ»։